Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ օգոստոսի 31-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալեք Մանուկյան փողոցից դեպի Այգեստան 3-րդ փողոց տանող դալանի մոտ կրակոցներ են հնչել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության կենտրոնական բաժնի, ոստիկանության Մարաշի բաժանմունքի մեծ թվով ծառայողներ: Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 02 բրիգադը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ: Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, ինքնաշեն պայթուցիկ սարք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները (կարմիր բերետները):

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածը 34-ամյա տղամարդ է, ով ունի բազմաբեկորային վնասվածքներ: Դեպքի վայր են ժամանել Երևանի ոստիկանապետ Արմեն Գասպարյանը, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սիմոն Հարությունյանը և բաժնի պետի տեղակալ Վլադիմիր Ասատրյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել