1in.am-ը գրում է.

«Լուրջ ընկերությունները մտահոգված են իրենց աշխատակիցների հանգստով թե ամռանը, թե ձմռանը: Սա բխում է նրանց շահերից»,- այս կարծիքին է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նրա տվյալներով՝ Հայաստանում հանգստի մշակույթը 60-70 տարիների պատմություն ունի՝ պատերազմից հետո է ընդունվել այս մշակույթը: Նրա խոսքով՝ այն ժամանակ կային հանգստի գոտիներ, պիոներական ճամբարներ: Մանկապարտեզներն էլ ունեին ամառանոցներ: 

Ահարոն Ադիբեկյանի տվյալներով՝ Հայաստանի սահմաններից դուրս կարողանում է հանգստանալ բնակչության 15 տոկոսը՝ 200-250 հազար մարդ: Հանգստանալու նպատակով ամենից շատ մեկնում են Վրաստան: Երևանից ուղիղ երթուղիներ արտասահմանյան երկրներ շատ քիչ կան: 

Ահարոն Ադիբեկյանի կարծիքով՝ սեպտեմբերին բոլորի աչքերում կրակ կա, հիմա բոլորը հոգնած են. սա ավելի է հոգեբանորեն ճնշում մարդկանց: Մասնագետները խորհուրդ են տալիս՝ ով ֆիզիկական աշխատանք է կատարում, պետք է պասիվ հանգիստ ընտրի, ով մտավոր աշխատանք՝ ակտիվ:

Հոգեբան Միհրդատ Մադաթյանը փաստում է, որ հայերի մոտ ընդունված է առանց հանգստի աշխատել մինչև գերհոգնածության աստիճան: Հանգստանալու դեպքում էլ հաջորդ խնդիրն է առաջանում՝ հետարձակուրդային սթրեսը: 

«Մենք սկսում ենք դժվար ադապտացվել, հանգստանալուց հետո 30 տոկոսով ընկնում է աշխատունակությունը, մտավոր ունակություններն էլ 20 տոկոսով են նվազում: Սա հաղթահարելու համար անհրաժեշտ է արձակուրդից, օտար երկրից վերադառնալ մի-երկու օր շուտ, լավ կլինի աշխատանքի գնալ հինգշաբթի կամ ուրբաթ, գործընկերներին էլ նվերներ բերել»,- նշեց Միհրդատ Մադաթյանը: 

Նրա կարծիքով՝ սխալներից մեկն այն է, որ տարին մեկ անգամ ենք հանգստանում, օպտիմալ հանգստի ժամանակը տասից տասնչորս օր է: Հոգեբանը գործատուներին խորհուրդ տվեց հետարձակուրդային շրջանում չծանրաբեռնել աշխատողին: Սա գործատուի շահերից է բխում: 

Հոգեբանը տեղեկացրեց, որ տղամարդիկ ավելի շատ են զգում հետարձակուրդային սթրես, քան կանայք, քանի որ վերջիններս իրենց ուրախացնելու շատ ձևեր ունեն: 

Նա նշեց նաև, որ հանգստի համար ոչ այնքան կարևոր են ֆինանսները, որքան հանգստանալ կարողանալը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել