Երևանի Զեյթուն թաղամասում գազից պայթյուն է տեղի ունեցել: Սա ողբերգական, բայց կարևոր առիթ է՝ մտածելու շատ ավելի ծավալուն՝ պետական կարևորության մի խնդրի մասին:
Հայաստանն աշխարհի ամենագազաֆիկացված երկրներից է: Գազաֆիկացումն, ընդհանրապես կատարվում է երկու նպատակներից մեկի կամ երբեմն՝ երկուսի առկայության պայմաններում:
Առաջինը` հասարակությանը կենցաղային հարմարավետության տրամադրումն է:
Երկրորդը՝ հասարակությանը՝ գազի տեսքով նոր ապրանք վաճառելը և ահռելի գերշահույթների ստացումը, որ որոշ խիստ զարգացած կամ զարգացող երկրներում վերածվում է ֆինանսական կեղեքման մեխանիզմի:
Ընդ որում՝ նկատենք, որ Արևմտյան մի շարք երկրներում գազի կենցաղային սպառումը կտրուկ անկում է արձանագրում արդեն գրեթե շուրջ մեկ տասնամյակ: Այդ անկման առաջատարն են աշխարհի ամենաառաջավոր ժողովրդավարությունները՝ Սկանդինավյան երկրները:
ԱՄՆ-ի տնտեսագիտական, քաղաքագիտական և հասարակական խիստ պրոֆեսիոնալ շրջանակներում բոլորովին նոր քննարկումներ են տեղի ունենում՝ գազի կենցաղային կիրառումից աստիճանաբար լիովին հրաժարվելու վերաբերյալ: Հօգուտ դրա բերվում են գազի վտանգավորության, էլեկտրականության հետ համեմատած՝ անհարմարությունների, բնական ռեսուրսների սպառման և նաև քաղաքական գործոնները: Հայաստանում գրեթե բոլոր այս գործոններն առկա են: Հատկապես կարևոր է վերջինը՝ քաղաքականը: Գազը Հայաստանի սուվերենության վրա ազդելու առաջնային լծակն է, որն էլ հմտորեն կիրառվում է: Գազից կենցաղային մակարդակում անցումը էլեկտրաէներգիայի՝ կարող է հեղափոխական արդյունքներ ապահովել: Միաժամանակ գարշատես խողովակահեղձումից ազատել Հայաստանի բնապատկերն ու քաղաքաշինական լանդշաֆտը և ներքին արտադրության՝ հատկապես գործող կամ կառուցվելիք ատոմակայանից՝ Հայաստանի համար գրեթե անվճար արտադրվող էներգիայի սպառումը: Հայաստանի հարցում այն կարող է միլիարդավոր դոլարներ խնայել հասարակությանը, մեծապես մեծացնել երկրի սուվերենության գործակիցը և կենցաղային անվտանգություն ու քաղաքաշինական բարետեսություն հաղորդել երկրին:
Հասկանալի է, որ այս թեման շատերին անհավանական ֆանտասիկայի ժանրից է թվում այսօր: Եվ դրա պատճառն անգիտությունն է կամ երևակայության բացակայությունը: Բայց աշխարհը շարժվում է այդ ուղղությամբ և Հայաստանի էներգետիկ անկախության և ներքին էներգետիկ ու կենցաղային անվտանգության կարևորագույն ուղին անցնում է հիդրոէլեկտրոկայանների լիակատար փակման, կենցաղում գազից լիովին հրաժարման, արևի էներգիային անցման և նորագույն տեխնոլոգիաներով գերժամանակակից և մեծապես ապահով ատոմակայանի կառուցման ճանապարհով:
Ժամանակն է սա դարձնել քաղաքական դիսկուրսի թեմա: Եվ այդ պարագայում անպայմանորեն կգա նաև պահը երբ Հայաստանի ապագայի ազգային-ժողովրդավարական իշխանությունը կբռնի այդ ճամփան:



