Տապակած կարտոֆիլ  էի  ուտում ու մի բան հիշեցի:
Տասներեք տարեկան  հասակում էի, երբ նորից ամռանը գնացել էինք պապիկ-տատիկի մոտ Դիլիջան` վայելելու ամառային արձակուրդները: Հարևանուհիներից մեկի ձեռքին տեսա  Մ. Միտչելի "Քամուց  քշվածները" և խնդրեցի որոշ ժամանակով գիրքը տալ ինձ` ընթերցելու համար: Սիրահարվեցի  Սկարլետտ Օխարայի  կերպարին: Գրավում  էր  նրա  հմայքն ու  անկոտրուն բնավորությունը, կանացիությունն ու  մտքի ճկունությունը: 
 Գրքում գրված էր` Սկարլետտի սիրած ուտեստը քաղցր կարտոֆիլն  է: Ես էլ, փոքրիկ հիմարիկս, փորձում էի հնարավորինս սեփականաշնորհել սիրածս կերպարի բնավորության գծերը, իսկ այն որ քաղցր կարտոֆիլ է սիրում ուտել, ուրախացրեց ինձ: Տատիս խնդրեցի կարտոֆիլ տապակել: Նստեցինք ճաշի: Հիշում եմ տատիս, պապիս ու մորաքրոջս դեմքի զարմացած արտահայտությունը, երբ  շաքարավազը դրեցի ափսեիս մոտ, և լցնելով կարտոֆիլի, վրա սկսեցի ճաշակել: Կարծեցին հիվանդացել եմ, կամ մոռացել, որ ոչ թե շաքարավազ, այլ աղ են օգտագործում  նման դեպքերում:)) Ըմբոստացա և կերա այնպես, ինչպես կուտեր Սկարլետը` հաճույքով ու արագորեն: Որ հիմա հիշում եմ, շատ տհաճ էր, բայց այդ պահին ինձ թվում էր` ես կարևոր միսիա եմ կատարում:
 Ճաշից հետո  տատս ասաց, որ ոչ թե շաքարավազ են ցանում կարտոֆիլի վրա, այլ տեսակն է այդպիսին, քաղցր է և  այն, ինչ ուտում էր հերոսուհին, կոչվում է բատատ...
Անցան տարիներ, իսկ ես ամեն անգամ տապակած կարտոֆիլ ուտելիս, հիշում եմ այս պատմությունը:
Հ.Գ. Իսկ դուք ունեցել եք սիրելի գրական կերպարներ, որոնք ձեզ հոգեհարազատ են եղել կամ կան???

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել