Ուղեվարձի թանկացման դեմ քաղաքացիական շարժումը տվեց առաջին արդյունքը, որի համար շնորհավորում եմ բոլորիս, հատկապես երիտասարդներին, ովքեր ապացուցեցին, որ ունեն արժանապատվություն և թույլ չեն տալու որևէ իշխանավորի կեղծել կամ խախտել իրենց սահմանադրական իրավունքը:
Կեցցե՛ք, իմ լավ տղաներ ու քաջ աղջիկներ:
Սակայն ես ուզում եմ բարձրաձայնել անցած 5-6 օրերին իշխանության բարոյազուրկ դեմքի մի արտահայտության մասին, որը դրսևորվեց, երբ մեր բազմաթիվ հոգատար հայրենակիցներ իրենց մեքենաներով freecar գործողությունն էին իրականացնում՝ անվճար տեղափոխելով իրենց հայրենակիցներին, և իշխանությունների որոշ անբարոյական ներկայացուցիչներ տուգանում կամ ամեն ձևով խոչընդոտում էին այս բարեգործական գործողությանը: Որքան անպատկառ ու անսիրտ մարդիկ են այս վայ-իշխանավորները, ովքեր, սովոր չլինելով իրենց ունեցվածքը կիսել անապահով քաղաքացու հետ, համարձակվում են տուգանել բարեգործին: Դե ուրեմն տուգանեք ամբողջ բարեգործ սփյուռքահայությանը, ում ողորմությունն է անընդհատ մուրում այս իշխանությունը, տուգանեք երեք նախագահների տիկնանց, ովքեր նույնպես բարեգործական ծրագրեր են իրականացրել ու իրականացնում: Հասկանո՞ւմ եք` բումերանգի էֆեկտը ուր կարող է տանել երկիրը:
Բարեգործական շարժումը երկրում խթանելու ու մեր քաղաքացիներին իրար նկատմամբ հոգատարություն քարոզելու փոխարեն, որը հատուկ է մեր ազգային նկարագրին, այս անիրավ իշխանությունն ունի մեկ նպատակ՝ սպանել մեր մեջ ամեն մարդկայինը, որպեսզի բավարարվի իրենց ագահ ախորժակը: Ամոթ է, դարձի եկեք:
Դիմում եմ Հայ առաքելական եկեղեցու իսկական հոգևոր հայրերին, որպեսզի իրենք իրենց աղոթքներում նզովեն այդ անբարո մարդկանց, ովքեր վերջին օրերին խոչընդոտեցին կամ տուգանեցին բարեգործություն իրականացնող մեր եղբայրներին և քույրերին:
Միևնույնն է, ո՛չ մեկին, նույնիսկ նրան, ով իրեն այսօր ամենազոր է կարծում, չի՛ հաջողվելու Հայի մեջ սպանել բարեգործություն անելու ազնիվ մղումը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=561695963877369&id=100001109106748¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել