«Առավոտը» գրել է, որ 50-100 տոկոս թանկացնելով տրանսպորտը` Երևանի քաղաքապետն ու ավագանին խախտել են ՀՀ Սահմանադրությունն ու «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքը:
Թերթը մատնանշում է, որ քաղաքապետարանի ներկայացրած ցուցակում նշված է 69 կազմակերպությունների անուն, մինչդեռ Երևանի բնակչությունը 1 միլիոն է, ինչից բխում է, որ քաղաքապետարն անտեսել է հանրային շահը և գերակա նշանակություն է տվել մասնավոր շահին և ամփոփելով մատնանշում է. «Մասնավորապես, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ ավագանին Երեւանում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում Երևանի քաղաքապետի գործունեության նկատմամբ, ավագանին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ oրենքով իր լիազորություններն իրականացնելիս անկախ է եւ գործում է միայն ի շահ Երեւանի եւ նրա անունից: Թանկացումը հաստատ Երեւանի եւ քաղաքի բնակչության շահերից չէ...»:
Ի՞նչ խոսք, տրամաբանություն կա այս հայտարարության մեջ, սակայն քաղաքապետարանում հաշվի էին առել, որ կարող են նման քննադատություններ հնչեցնել իրենց հասցեին, ուստի քաղաքապետի ուղերձում անընդհատ մատնանշվում էր այն հանգամանքը, որ գործող ավտոպարկը չի համապատասխանում անվտանգության կանոններին և այլն, և այլն, իսկ թանկացումը բացառապես պատշաճ մակարդակի քաղաքային տրանսպորտ ունենալն է, որը կաշխատի անխափան ու հնարավորինս քիչ կվտանգի մարդկանց կյանքը:
Լավ, ենթադրենք` ընդունում ենք, որ նման տրամաբանություն ևս իրավունք ունի գոյություն ունենալու...
Սակայն մի օրինախախտում եղել է, և դա ոչ մի տրամաբանությամբ չես մաքրի. ինչպես երեկ իմացա, անկախ նրանից, թե ինչ որոշում էր ընդունել քաղաքապետը, այն իրավական ուժ կարող էր ունենալ միայն ստորագրման պահից 9 օր անց, մինչդեռ եթե ոչ քաղաքապետն անձամբ, ապա առնվազն տրանսպորտի վարչության պետը, «Երևանտրանսի» տնօրենը և երթուղիների գծատերերը հենց ստորագրման օրից պահանջում էին, որպեսզի մարդիկ 150 դրամ վճարեին, և 6 օրվա ընթացքում հազարավոր ու տասնյակ հազարավոր մարդիկ այդպես էլ արեցին: Այսինքն` Երևանի բնակչության մի ստվար զանգվածի փաստացի ենթարկեցին դրամաշորթության, որովհետև, կրկնում եմ, անգամ որոշումը չկասեցնելու դեպքում այն ուժի մեջ էր մտնում միայն 9 օր հետո: Եվ հիմա ակտուալ հարց է հուզում ինձ. այ օրենքի այս ոտնահարման համար որևէ մեկը պատասխանատվություն կկրի՞:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/desicdenicblog/posts/208933962595968
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել