Վերջին օրերին հեռուստատեսային և տպագիր մամուլի մեծամասնությունը տրանսպորտային թանկացումների դեմ զանգվածային բողոքի ակցիաները ընդգծված կերպով կապում էր երիտասարդության հետ: Ուրախալի փաստ է, բայց այնուամենայնիվ հիշենք, թե ինչպես էր դա հատկապես ասվում. «Երիտասարդները բողոքի ակցիա են սկսել տրանսպորտային թանկացումների դեմ», «Երիտասարդները բողոքում են «Երիտասարդները համաձայն չեն տրանսպորտային թանկացումների հետ» և այլն:
Իհարկե, լավ է, որ 18-24 տարեկան երիտասարդները ունեն պինդ համոզմունքներ, վճռականություն` արտահայտվելու և քաջություն` դրանք պաշտպանելու: Բայց անցնենք մի քայլ առաջ. իսկ ո՞ւր էին ոչ երիտասարդները: Այնպիսի տպավորություն է, որ երիտասարդները բողոքում էին մի երևույթի դեմ, որը հատկապես, ինչ-որ պրոֆիլային կերպով, միայն երիտասարդներին էր հուզում, իսկ հասարակության մյուս խավերը այդքան էլ «չկան» էս հարցում, որ իրանք ինչ-որ կերպ «յոլա» կգնային: Ու եթե վերհիշենք, գրեթե նույնը կարելի է ասել հանրահավաքների համար, երբ բազմաթիվ դեպքերում հիմնականում տեսնում ենք տարեց մարդկանց, 60-ից վերև:
Իհարկե, դուք ավելի զբաղված եք, աշխատում եք, հոգսեր, տանը սպասող կին, երեխաներ….հետո նաև ոգևորությունն ու եռանդը տարիքի հետ իր տեղը զիջում է «երկիրը երկիր չի» ու «ոչ մի բան չի փոխվի» մեռելական դոգմաներին: Ու չմասնակցելու ևս այլ պատճառներ: Բայց գիտե՞ք` մեր կյանքը հետևանքն է այն պատճառների, որոնցով մենք կողմնորոշվում ենք: Եթե համաձայն չեք ձեր տեղի ու դերի հետ, ուրեմն ժամանակն է փոխելու կողմնորոշիչներն ու գտնել ավելի լավ, մասնակցելու պատճառներ:
Մյուս անգամ, միջին տարիքի ստվար իմ ժողովուրդ, իջեք, երիտասարդության կողքին պինդ կանգնեք ! Դա ձեզ կօգնի մի քիչ ավելի երիտասարդ լինել, մի քիչ ավելի ողջ-առողջ զգալ, մի քիչ ավելի օգտակար, ընդգրկված, ավելի կարևոր, որովհետև մյուս անգամ այս երիտասարդները ավելի ու ավելի դժվար լուծվող հարցեր են բարձրացնելու, որտեղ միգուցե մեծերի խորհուրդն ու խոսքը ավելի պետք գա: Եղեք ներգրավված, հարգելի 35-60 տարեկան համաքաղաքացիներ, դուք նույնպես երիտասարդ կարող եք լինել: Չեմ ասում` դուրս եկեք պլակատ ու սքոչ կպցրեք, չնայած` «չխանգարա», բայց մյուսներին քարոզելը, պասիվներից պահանջելն ու բացատրելը… ԼԱՎ, գոնե ձեր երեխաներին քարոզելն ու ոգևորելը, իրադարձությունների վայր ուղարկելը օրինակ ձեզ շատ կսազեր…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=540401892676016&id=100001186291818
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել