Ի՛նչ լավ օր էր այսօր, որ սկսվել էր երեկվանից....Այսօր լավ օր էր։ Լավ օրը սկսվել էր երեկվանից. Մաշտոց պողոտայով երթի դուրս եկած երիտասարդների պայծառ, համոզված ու աննահանջ երթը հուսադրող էր. ամեն ինչ կորած չէ. միասին լինելու ներուժ դեռ ունենք։ Մեր մեջ այնուամենայնիվ կա էն տեսակը, թեկուզև փոքրաթիվ, որ չի հրաժարվել արժանապատվությունից, իրավունքից , ամենօր դառնացող ու հոգսերից ծանրացած հողին տեր կանգնելու համոզումից։Կա էն տեսակը, որ չի հանձնվում ցինիկների <<մեր դեմ խաղ չկա>> խաղ-բանաձևինին, որը վաղուց երկիրը կառավարելու վարքականոն է դարձել՝ վավերական, կարծրացած, իր ճանապարհին խժռելով ու անապատացնելով հենց մեզ, մեր ողնաշարը, մեր ամեն օրը, մեր արժեքները, արժեքները...բարոյականությունը... մեր վաղըԻսկ Մաշտոց պողոտայով երթի դուրս եկած երիտասարդների համոզված ու աննահանջ երթը հուսադրող է. միթե՞ ամեն ինչ կորած չէ...Չէ՜, ամեն ինչ կորած չէ, միասին լինելու ներուժ դեռ ունենք... մտածում եմ ես ու կեսօրվա գրեթե հալեցնող արևի տակ քայլում Մաշտոց պողոտայով։ Առջևս են ելնում ութ-տասը տարեկան քույր ու եղբայր. ամմեղ, մաքուր հայացքով, ամառային անողոք արևից գրեթե ոսկեգույն դեմքով։ Ձեռքներին գիրք կա՝ ծանոթորեն մաշված կազմով, դեղնած թերթերով. այդպես գրադարանների գրքերն են մաշվում։ Ճանաչում եմ՝ Հրանտ Մաթևոսյանի <<Մեր վազքն է>>, կարծեմ ութսունականների հրատարակություն։ Ու հիշում եմ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ գրադարանը, ուր երկու օրը մեկ հերթական գիրքն էի հանձնում, այդ թվում Ռուբեն Հախվերդյանի սիրած <<Գանձերի կղզին>> ու հաճախ ստիպված էի հարցերի պատասխանել՝ համոզելու գրադարանավար ընկեր Սիրուշին, որ 500 էջանոց գիրքը կարդացել եմ։ Հիմա գրադարանը չկա, վաղուց սեփականաշնորհված փակ ու մութ տարածք է։<<Որտեղից եք գալիս>> հարցիցս անակնկալի են գալիս գրքերը գրկած փոքրիկներն ու զարմացած գերազանցիկ պես պատասխանում՝ Իսահակյանի գրադարանից։Չէ՛ , ամեն ինչ կորած չէ, մտածում եմ ես ու փորձում հիշել, թե գրադարանից գիրք վերցրած երեխա վերջին անգամ երբ եմ տեսել։ Չէ՛, հաստատ, ամեն ինչ կորած չէ, մտածում եմ ես՝ համբուրելով անծանոթ երեխաներին։Էս ի՛նչ լավ օր է, գնալով համոզվում եմ ես, հիշելով, որ լավ օրը սկսվել էր դեռ երեկվանից։ Իսկ առջևում Հասմիկ Պապյանի համերգն է. Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ վերջին անգամ քսան տարի առաջ է ելույթ ունեցել։ Վաղուց նրա հիմնական բեմը Վիենայում է։ Իսկ դահլիճում գրեթե ծանոթ դեմքեր են՝ հին երևանցիների նոսրացող մի խումբ, որ <<պադրոնդաշի>> ու սուպերմարկետների մեր ժամանակներում բաց չի թողնի ազնիվ ու հավերժական երաժշտության հետ հանդիպումը։ <
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Lilit.Galstian/posts/511474172262535
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել