Այսօր Գեղարքունիքի մարզ կատարած այցից հետո ուղիղ եթերի ժամանակ անդրադառնալով նախարարներին և կառավարության անդամներին տրվող պարգևավճարներին՝ Փաշինյանը մասնավորապես նշեց. «Տեղի ունեցող շինարարությունները ցույց են տալիս, որ տեղին են նախարարներին և մարզպետերին տրված պարգևավճարները։ Ճիշտ են անում, որ ստանում են: Դա իմ որոշումն է եղել, դա ճիշտ որոշում է, և մեր նախարարները, կառավարության անդամները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն: Դա նաև ժողովրդի պատիվն է, քանի որ կարևոր է` ինչպես է վերաբերվում գործատուն իր ծառային։ Հայաստանի ժողովուրդը պետք է ուրախանա, որ Հայաստանում կան նախարարներ, որոնք 100-300 000 դրամ պարգևավճարների կարիքն ունեն և թալանով չեն զբաղված»…

Նախ, տպավորություն է ստեղծվում, որ վարչապետը տեղյակ չէ, թե իրականում որքան պարգևավճար են ստանում իր նախարարներն ու կառավարության անդամները... Գաղտնիք չէ, որ դրանք իրականում միլիոնների հասնող գումարներ են:

Երկրորդ, հետաքրքրականն այն է, որ այն ժողովուրդը, որն այս թիմին ձեռքերի վրա բերեց իշխանության և որին մինչև իշխանափոխությունը խոստանում էին ողջ նվիրումը ներդնել, փաստացի այսօր պետք է ուրախ լինի, որ իր նախարարներն ու կառավարության անդամները որևէ գործ անելու համար պարգևավճար պետք է ստանան… Դա փաստացի այդ նույն ժողովրդի պատիվն է…

Երրորդ, փաստորեն վարչապետը դեռ չի ցանկանում «ընդունել», որ միլիարդների հասնող այդ պարգևավճարներն իրականում նույն թալանն է, միայն թե «օրինակացված» ձևով… Երկրի բյուջեից փող են դուրս գրում, իրենք իրենց պարգևատրում ու կարծում, որ բյուջեն չի թալանվո՞ւմ… Որտե՞ղ է տրամաբանությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել