Ինչպե՞ս կրծքով ճիշտ կերակրել փոքրիկին:

Հարցին պատասխանում է բժիշկ-նեոնատոլոգ, ԵՊՀԲՔ մանկաբարձության ամբիոնի դասախոս Կարինե Կարախանյանը:

Կրծքով սնունցումը հանդիսանում է անփոխարինելի սնուցման եղանակ երեխաների համար: Մայրիկների մտավախությունը, որ կաթ չեն ունենա, անհիմն է, քանի որ բնությունն ամեն ինչ ճիշտ նախագծել է: Կրծքի կաթն ունի մի շարք առավելություններ. այն պարունակում է փոքրիկի համար կարևոր սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրատներ փոքրիկին անհրաժեշտ հարաբերակցությամբ: Այն պարունակում է հակամարմիններ, իմուն նյութեր, որոնք ձեր փոքրիկին զերծ կպահեն մի շարք ինֆեկցիոն հիվանդություններից: Կրծքի կաթը պարունակում է անհրաժեշտ վիտամիններ և միկրո-էլեմենտներ: Կրծքով սնուցվող փոքրիկներն ավելի քիչ են հիվանդանում սակավարյունությամբ: Բացի այդ՝ կրծքի կաթը կանոնավորում է ստամոքս-աղիքային համակարգի միկրոֆլորան, և այդ պատճառով կրծքով սնվող երեխայի մոտ ավելի հազվադեպ է լինում փորլուծային հիվանդություն: Կրծքով սնուցման հաջողությունը պայմանավորված է կրծքով կերակրման կանոնների ճիշտ կիրառմամբ: Շատ կարևոր է, որ երեխան ճիշտ մոտեցվի կրծքին: Այն է՝ երեխան ամբողջ մարմնով թեքված լինի դեպի մայրը: Գլուխը պետք է ազատ լինի: Կուրծքը պետք է դնել երեխայի բերանը միայն այն դեպքում, երբ երեխան լայն բացել է բերանը, այնպես որ բերանում գտնվի ոչ միայն պտուկը, այլև հարպտկային ողջ շրջանը: Երեխայի ստորին շրթունքը պետք է շրջված լինի դեպի դուրս: Անհրաժեշտ է փոքրիկին կերակրել երկու կրծքով, քանի որ որքան շատ դատարկվի կուրծքը, այնքան շատ կաթ կարտադրվի: Կարևոր են գիշերային  կերակրումները, քանի որ գիշերվա ընթացքում ավելի շատ է արտադրվում կաթնարդադրությունը խթանող հորմոնը: Երբ նորածինը ճիշտ է կերակրվում, ապա նա 3-4 ժամ հանգիստ կքնի: Երեխային պետք է կերակրել ըստ նրա ցանկության, և ճիշտ կերակրման դեպքում դա կհանգեցնի նրան, որ երեխան սնվի ռեժիմով: Շատ կարևոր է մոր հոգեկան և ֆիզիկական հանգստությունը, քանի որ տագնապն ու անհանգստությունը հանգեցնում են կաթնամղման խաթարման:

Վստահ եղեք՝ կրծքով կերակրելիս դուք ձեր փոքրիկին ապահովում եք ամենաանհրաժեշտով:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել