1in.am-ը գրում է.

«Կարծում եմ, որ լիազորված մարմինները պետք է գինը չիջեցնեն, որովհետև քաղաքը կմնա առանց տրանսպորտի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացմանը:

Նա նշեց, որ ինքը դեռ ամիսներ առաջ հայտարարել էր, որ պետք է ակտիվ ամառ լինի, քանի որ կառավարությունն արագացված ծրագրեր է իրականացնում: Աշնանը բավականին լուրջ աշխատանքներ ունեն անելու թե՛ կառավարությունը և թե՛ ԱԺ-ն: Նրա խոսքով՝ արտագաղթից առավել այսօր քննարկվում է տրանսպորտի հարցը. տրանսպորտը տնտեսության ամենակարևոր ճյուղերից մեկն է:

«Դա գծատերերի ոլորտը չէ, ինչպես ներկայացվում է հասարակությանը, դա լուրջ պոտենցիալ ապահովող միջոց է՝ Հայաստանի տնտեսական զարգացումների առումով: Իհարկե, ինչքան ցածր լինի սակագինը, այնքան հաճելի կլինի մեր համաքաղաքացիների համար»,- ասաց նա՝ հավելելով, որ այս ընթացքում մարդիկ սկսեցին սիրաշահել ժողովրդին, մինչդեռ, ըստ նրա, ընդամենը պետք է սիրել ժողովրդին և փորձել լուծումներ գտնել:

Գալուստ Սահակյանը չի մեղադրում պայքարողներին, բայց ինքը դասական ժողովրդավարության կողմնակից է: Իսկ Եվրոպայում այն, ինչ տեղի է ունենում, ըստ նրա, դասական արժեք չունի: «Եթե այդպես է, և տղամարդը տղամարդու հետ պետք է ամուսնանա, այդպիսի պետությունը մեզ պետք չի, առավել ևս՝ դասական ժողովրդավարությունը, խոսքի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության գործընթացը»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Նա կարծում է, որ ամենակարևորն այն է, որ Հայաստանում նոր մոդելների ժամանակաշրջան գա. այժմ դա սաղմնային վիճակում է:

Նա նշեց, որ Տարոն Մարգարյանի հետ ամեն օր էլ հանդիպում է, և վերջինս ընկճված չէ:

Ըստ նրա՝ եթե ձևավորվի անվճար տեղափոխելու ավանդույթ, շատ լավ կլինի, բայց մարդիկ փորձում են հերոսանալ. «Բա մինչև այսօր ո՞ւր էիք»,- հռետորական հարցադրում արեց նա:

«Առաջին լրատվական»-ի դիտարկմանը՝ շոու- բիզնեսը միշտ էլ ձեր կողքին է եղել՝ ուր է եղել, նա հավելեց՝ երկու երգ երգելու համար հինգ հազար դոլար են ուզում, այսօր եկել պահանջատեր են դարձել՝ տասը օրվա երգիդ փողը տուր, ավտոբուս գնի, տրանսպորտն էլ ձրի սարքի:

Նրա խոսքով՝ ողջունելի է, որ հասարակությունը ցանկանում է մասնակից դառնալ կառավարման պրոցեսներին, սա հենց այն է, որ անվանում են քաղաքացիական հասարակության ձևավորում:

Անդրադառնալով ուղեվարձի թանկացմանը՝ բանախոսը նշեց, որ 2008-ից անընդհատ քննարկվում է, և հանրությունն էլ տեղյակ է, որ գները չորս անգամ թանկացել են, քաղաքացին թող մտածի՝ ինչքա՞ն է ծախսում իր մեքենայի վրա, և թող մտածի, որ ավտոբուսները օրական քսան անգամ ավելի շատ են վարում, քան սեփական մեքենաները:

Գների բարձրացումը, նրա խոսքով, կապված է այն բանի հետ, որ ինչ ունեն, դա պահպանեն. «Այսօր պետք է խոսենք այն մասին, որ կառավարությունը պետք է միջամտի, և առաջիկայում պետք կլինի, որ տրանսպորտի մասին օրենքը փոփոխվի»:

«Ես իմ հաշվարկներով ասում եմ, որ այս թանկացումը միայն կկարողանա պահպանել տրանսպորտը Երևան քաղաքում»,- ասաց նա:

Թանկացումները կապված չեն գազի գնի հետ, այլ այն բանի հետ, որ անհրաժեշտ է տարեկան փոխել անվադողերը, իսկ հիմա երեք տարին մեկ անգամ էր փոխվում: 

Գալուստ Սահակյանը անդրադարձավ նաև ավտոմեքենաներով անվճար տեղափոխողներին. «Եթե ես ցանկանամ պուպուշ երևալ, իմ մեքենայով կտանեմ»,- ասաց նա

Նա նշեց, որ ինքը տրանսպորտային գիծ չունի. «Գլուխս որ էդքան հասներ, ես էլ մի գիծ կունենայի»,- ասաց նա:

Նա նկատեց, որ հայաստանյան իրականության մեջ մարդիկ թարս են աճում, իսկ հարցին՝ ովքե՞ր, պատասխանեց. «Այդ թվում և ես»:

«Ես ապրում եմ սովորական խրճիթում, այնքան երջանիկ ու լավ, որ դուք չեք էլ պատկերացնի»,- ասաց նա:

Հարցին՝ ճի՞շտ է, որ ՀՀԿ-ում խնդրի վերաբերյալ երկու թևի են բաժանվել, նա նշեց, որ Հանրապետականում ուղեղներ կան, եթե նույնիսկ թևեր չունեն, ուղեղներ ունեն:

Իսկ մեքենաներով անվճար տեղափոխողներին էլ խորհուրդ տվեց վաճառել իրենց մեքենաները և մարդկանց վճարել հազար դոլար. «Հալբաթ երեք տարի կհերիքի այդ գումարը. ես սա բողոք չեմ համարում, այլ քաղաքացիական առաջարկություն: Սրանք ցաքուցրիվ կազմակերպչական գործողություններ են: Ես մեղադրում եմ իշխանություններին, որ համարժեք մոտեցում չեն ցուցաբերում»,-ասաց նա:

Քաղաքացիական այս պայքարը Գալուստ Սահակյանը չի ուզում, որ մարի: Նա նաև ասաց, որ հունվարի մեկից աշխատավարձերի բարձրացում է սպասվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել