Գալուստ Սահակյանը հայտարարել է հետևյալը.
«Պետք է կառավարությունն առաջիկայում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա եւ ոլորտը մի փոքր մանրամասնի: Խնդիրը ոչ թե նա է, որ 150 դրամը թանկ է, Եվրոպայում, օրինակ՝ Ֆրանսիայում 1.5 եվրո է»:
Հիշեցնեմ, որ սա էլ արդեն երրորդ նման անհեթեթ հայտարարությունն է ՀՀ խոշորագույն և իշխող կուսակցության փոխնախագահի կողմից՝ վերջին մի քանի օրվա հարցում:
Ուզում եմ զերծ մնալ ինչ-որ անձնական որակումներ տալուց ու մանրանալուց այնպիսի դետալների մեջ, որ պարոն Սահակյանը ինքն է գծատեր, ուստի զարմանալի չէ, որ պատրաստ է հայրենիքն էլ վաճառել հանուն գերշահույթի: Չեմ ուզում անգամ խոսել այն տրիվիալ տրամաբանության մասին, որ եթե խոսում ես Ֆրանսիայի մասին, ապա բարի եղիր նախ ինքդ համապատասխանիր նույն Ֆրանսիայի քաղաքական գործչին, էլ չասեմ իշխող կուսակցության փոխնախագահի չափանիշներին, հետո էլ ապահովիր ֆրանսիական կենսամակարդակ, նոր անցի ֆրանսիական սակագների: Ոչ, այս ամենն ասված է բազում անգամ և տարբեր մարդկանց կողմից:
Ինձ հիմա մեկ այլ հարց է հետաքրքրում: Երկրի ու միաժամանակ ՀՀԿ-ի նախագահը բնավ էլ անխելք մարդ չէ, ասեմ ավելին` վայելում է խելացի մարդու համբավ, և ըստ այդմ զարմանալի է, թե ինչո՞ւ է Գալուստ Սահակյանի պես մեղմ ասած ոչ պոպուլյար ու ժողովրդի կողմից ոչ այնքան խելոք մարդ ընկալվողներին այդպիսի բարձրունքներում պահում և թույլ տալիս, որպեսզի նրանք պարբերաբար անհեթեթ հայտարարություններով ու գործողություններով սասանեն իշխանության շենքը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/desicdenicblog/posts/208710595951638
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել