«Իրատես» թերթը գրում է. «Նախորդ իշխանություններին հաճախ էին քննադատում, թե այս կամ այն պաշտոնյային հեռացնում են աշխատանքից պատճառների մասին հասարակությանը ոչ մի տեղեկություն չտալով, կամ աղմկահարույց դեպքեր էին լինում ինչ-որ պաշտոնյայի, մարզպետի շուրջ, իսկ նրանք շարունակում էին ամուր նստած մնալ իրենց աթոռներին։
ՈՒ այս ամենն այնպիսի էնտուզիազմով էին քննադատում նախկինում` ընդդիմության, այսօր` իշխանության ներկայացուցիչները, որ քիչ էր մնում նրանց հետ կոալիցիա ստեղծեիր ու պայքարեիր այդ «անօրենների», «թալանչիների», «ռեժիմի հպատակների» դեմ։ Ժամանակները փոխվեցին, ընդդիմությունը դարձավ իշխանություն, երեկվա մոլի քննադատներն էլ բարձր պաշտոններ զբաղեցրին։ Բայց ընդդիմությունն էլ որակով պիտի լինի, որ իշխանության գալուց հետո ձեռքը կրակը չընկնես։
Դժբախտաբար, իրոք կրակն ենք ընկել, դժգոհություն ծնող պատճառների հետեւում էլ, ըստ օրվա իշխանավորների, «չար» ու «նենգ» նախկիններն են, նրանք են մեղավոր, որ խնդիրներն օր օրի մեծանում են, ու լուծող էլ չկա։
Երեկ մետրոյով ու հեծանիվով երթեւեկողներն այսօր չեն էլ ցանկանում բողոքող քաղաքացիների հետ հանդիպել, թաքնվում են «լայվերի» հետեւում ու հորդորում պետության գործառույթների, կառավարության որոշումների մասին տեղեկանալ ուղիղ եթերներից։
Հասկանալի է, որ երկիրը կառավարվում է Ֆեյսբուքով, բայց ո՞վ էր ժամանակին նախորդներին քննադատում, թե խնդիրներին իրենց մեքենաների պատուհանից են նայում, կտրվել են հանրությունից։ Եթե նրանք 10 տարում էին կտրվել, դու՞ք ինչու 2 տարում այդքան անհաղորդ դարձաք խնդիրներին։ Երեկ հպարտ, այսօր հիասթափված քաղաքացին կասեր՝ դրա համա՞ր էինք հեղափոխություն անում։
Հիշու՞մ եք, թե նախկինում ինչ մեծ քննադատության ալիք էր բարձրանում, երբ վիճահարույց հարցերը, առանց հանրային քննարկումների, ներկայացվում էին խորհրդարան։ Իսկ հիմա ոչ միայն հանրային քննարկումներ չեն կազմակերպվում, այլեւ արտակարգ դրության պայմաններում «սղացնելով» անցկացնում են օրենքները, ու ոչ մեկը չի էլ մտածում, որ «հանրային քննարկում» ասած բան չկա ընդհանրապես։
Էլ չենք խոսում մասնագետների կարծիքներն արհամարհելու, նրանց եւս նախորդների «մնացուկ» համարելու մասին։ Ազգային հարցերում հակադիր դիրքորոշում ունեցողները «հին» են ու հետամնաց, «քառակուսի» են մտածում բոլոր նրանք, ովքեր համարձակվում են իրենց ներմուծած «ժամանակակից» բարքերին հակադրվել։
ՈՒ մեծ հարց է՝ այս մղձավանջի մեջ ինչ-որ բան կզարգանա՞, իրար կոկորդից պատառ փախցնելով, ուզում ենք առա՞ջ գնալ` առանց մեր ներսը նայելու, ներսից վերափոխվելու, միմյանց հանդուրժելու։ Ի վերջո, առանց հասկանալու, որ սպառնալիքները հեղեղի նման ողողել են մեր սահմանները, եւ մենք սահմանից այն կողմ պիտի թշնամիներ փնտրենք ու վնասազերծենք, ոչ թե ներսից թուլացնենք երկիրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում