Զավեշտները հայոց իշխանության շարքերում շարունակվում են: Մեր սիրելի վարչապետն այսօրվա կառավարության նիստը սկսելիս անդրադարձել է տրանսպորտի թանկացման դեմ ուղղված ակցիաներին և մի ճառ է ասել.
«Չնայած նրան, որ վերջին օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ որոշ կուսակցություններ, իհարկե, ցանկանում են օգտվել առիթից, բայց բուն պատճառը քաղաքապետարանի որոշումն է տրանսպորտի սակագների փոփոխության վերաբերյալ։
Ավելի շուտ այս շարժումն ունի սոցիալական բնույթ, այսինքն՝ հասկանալի մղումներ են ղեկավարում երիտասարդներին, որոնք բարձրացնում են այս հարցը: Մենք ձեզ հետ միասին տեսնում ենք, որ Հայաստանում ձևավորվում է ուժեղ քաղաքացիական հասարակություն, և մենք պարտավոր ենք հաշվի առնել այս իրողությունը պետական որոշումներ կայացնելիս։ Պետք է շատ ուշադիր լինենք քաղաքացիական հասարակության ձևավորման բոլոր խնդիրների շուրջ:
Տեղական ինքնակառավարման մարմինների ինքնուրույնությունը, անկախությունը նույնպես մեզ համար ունեն էական նշանակություն դեմոկրատական հասարակություն կառուցելու ճանապարհին։ Այդ առումով, իհարկե, այս որոշումն ամբողջությամբ Երևանի քաղաքապետարանի իրավասությունների շրջանակներում գտնվող խնդիր է, բայց մենք չենք կարող ուշադրություն չդարձնել այն տրամադրություններին, որ այս որոշումը ստեղծում է հասարակության մեջ։ Սա առնչվում է, բնականաբար, գործադիր իշխանությանը, և մենք պարտավոր ենք այս խնդիրը պահել մեր ուշադրության կենտրոնում»:
Ինպիսի՜ բարձր գիտակցություն ու ադեկվատություն՝ վարչապետի կողմից: Լավ է գոնե, որ ՀՀԿ-ում գոնե մեկը կա, որ այս ամենի հետևում իմպերիալիզմի կեղտոտ ձեռքեր չի տեսնում, ոչ էլ ներքին ստոր պառակտիչների դավադրություն...
Զավեշտալի է հատկապես այն, որ վարչապետը իր շուրթերով է ասում, որ այս ընդվզման պատճառն ունի սոցիալական բնույթ, ընդ որում, այս խոսքերը ասելիս կարծես թե մոռանում է, որ այս սոցիալական բնույթը պայմանավորված է հենց իր կաբինետի «բեղուն գործունեությամբ», իսկ քաղաքապետարանի որոշումն ուղղակի վերջին կաթիլն էր:
Զավեշտալի երկրորդ դրվագը, երբ վարչապետը մեղմիկ քննադատում է քաղաքապետարանին, որ հաշվի չի առնվել քաղհասարակության գործոնը: Զավեշտալի է, որովհետև կարծես վարչապետը մոռանում է, որ երբ թանկացնում էին գազն ու էլեկտրականությունը, արդեն նույն ինքը՝ վարչապետն ու իր կառավարությունը խորապես թքած ունեին քաղհասարակության վրա:
Եվ վերջապես, զավեշտալի երրորդ դրվագը վարչապետի ելույթում այն է, որ նա կարծես իսպառ չի գիտակցում, թե ում դեմ է ուղղվելու սոցիալական ընդվզման այս ալիքը, երբ (դիտավորյալ չեմ ասում եթե) տրանսպորտի թանկացման դեմ պայքարը հաջողությամբ պսակվի: Այնպես որ, գեղեցիկ բառեր ասելուց հետո Տօգրան Սարգսյանը լավ կանի` պինդ բռնվի, որովհետև մյուս թիրախը հենց ինքն է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/desicdenicblog/posts/208649355957762?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել