168.am-ը գրում է․

Գնաճի խնդիրը Հայաստանում միշտ էլ արդիական է եղել։ Որքան էլ պաշտոնապես գնաճը ցածր է եղել՝ դրա ազդեցությունը սպառողները միանշանակ չեն զգացել։

Պաշտոնական գնաճը երբեք էլ չի արտահայտում թանկացումների  իրական պատկերը։ Ինչպես սովորաբար լինում է, թանկացումների իրական ազդեցությունն անհամեմատ ավելի մեծ է, քան պաշտոնական գնաճն է։

Այդպես է, որովհետև թանկանում են հիմնականում այն ապրանքները, որոնք ավելի հաճախ են սպառվում։ Խոսքն առաջին անհրաժեշտության ապրանքների և հատկապես սննդամթերքի մասին է։ Սննդամթերքի շուկայում գնաճը միշտ էլ ավելի բարձր է լինում, իսկ առանձին դեպքերում մեղմ է նույնիսկ բարձր ասելը։ Ու ինչքան էլ պաշտոնական գնաճը ցածր լինի, դրա ազդեցությունը չէ, որ իրենց վրա զգում են սպառողները։

Պաշտոնական գնաճը հունիսին Հայաստանում կազմել է ընդամենը 1,7 տոկոս։ Այսինքն՝ սպառողական ապրանքների շուկան 1 տարվա ընթացքում թանկացել է 1,7 տոկոսով։ Բայց միևնույն ժամանակ՝ կան բազմաթիվ ապրանքներ, որոնց գներն այդ ընթացքում անհամեմատ ավելի արագ են աճել։

Առկա է գնաճային բարձր ճնշում հատկապես գյուղմթերքների շուկայում։ Հունիսին մրգի գներն ավելի քան 14 տոկոսով բարձր են եղել, քան նախորդ տարի։

Թեև դա էլ չի արտահայտում ամբողջ պատկերը։ Ասենք՝ խնձորը թանկ է եղել գրեթե 85 տոկոսով, ելակը՝ 39 տոկոսով, նարինջը՝ 34 տոկոսով, կիտրոնը՝ 40 տոկոսով, և այլն։ Նույնիսկ բանանի գինն է ավելի բարձր եղել։ Այն բանանի, որը մի պահը իշխանությունները համարում էին «հեղափոխության» փառահեղ ձեռքբերումներից մեկը։

Բարձր են ոչ միայն մրգերի, այլև մյուս գյուղմթերքների, այդ թվում՝ բանջարեղենի գները։ Լոլիկը 37 տոկոսով ավելի թանկ է եղել, քան անցած տարի։ Սմբուկի գնաճը կազմել է՝ 41, կանաչ լոբունը՝ 27 տոկոս։ Խառը կանաչին թանկացել է գրեթե 20 տոկոսով։

Այսօր էլ, երբ բազմաթիվ գյուղմթերքների համար պիկ սեզոնն է՝ գները շարունակում են անհամեմատ բարձր լինել։ Դա նկատելի է՝ ինչպես մրգերի, այնպես էլ՝ բանջարեղենի դեպքում։ Այս սեզոնի համար ռեկորդային բարձր է լոլիկի գինը՝ այն տատանվում է 4-5 հարյուր դրամի սահմաններում։ Այնպես չէ, որ մրգերի գնաճը պակաս է. երբեմն կրկնակի, նույնիսկ եռակի թանկ գներ ունենք։

Թե ինչի՞ հետևանք է գյուղմթերքների բարձր գնաճը՝ պաշտոնական բացատրություն չկա։ Ոլորտի մասնագետները դա կապում են բերքի սակավության հետ։

Այլ տարբերակ, թերևս, հազիվ էլ թե կարող է լինել։ Բարձր գներն առկա են գյուղմթերքի արտահանման նվազման պարագայում։ Այս տարի մթերումների ակտիվությունը բարձր չէ։ Մի կողմից՝ արտահանման դժվարությունները, մյուս կողմից՝ տնտեսության խնդիրներ են ավելացել։

Արտադրության ավելացման դեպքում գյուղմթերքի գները պետք է ավելի ցածր լինեին։ Բայց հակառակն է, ու դա հիմք է տալիս ենթադրելու, որ գործ ունենք ծավալների նվազման հետ։

Գնաճի խնդիրը, իհարկե, միայն գյուղմթերքներին չի վերաբերում։ Այդպիսի երևույթներ կան նաև բազմաթիվ այլ ապրանքային շուկաներում։ Բայց միայն գյուղմթերքների շուկայում տեղի ունեցող իրավիճակը բավարար է պատկերացնելու, թե դա ինչ ազդեցություն է ունենում սպառողների վրա։

Մի կողմից՝ թանկացումներն են, մյուս կողմից՝ եկամուտների նվազումը։ Հետևանքը՝ բնականաբար, լինելու է սոցիալական իրավիճակի վատացումը, ինչը հիմա տեսնում ենք։ Համավարակի ու տնտեսական խնդիրների պատճառով բազմաթիվ քաղաքացիներ կորցրել ու շարունակում են կորցնել իրենց եկամուտները։

Այսօր մարդիկ կանգնած են շատ ավելի մեծ սոցիալական խնդիրների առաջ, քան մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանությունն էր։ Որքան էլ ասենք, որ իշխանափոխությունից հետո Հայաստանում տասնյակ-հազարներով աշխատատեղեր են ավելացել կամ տասնյակ տոկոսներով աշխատավարձեր են բարձրացել, փաստը մնում է փաստ, որ դրանից շատ-շատերի կյանքի որակը չի փոխվել։ Հասարակության հիմնական մասը շարունակել է ապրել այնպես, ինչպես նախկինում էր ապրում։ Նույնիսկ ավելի վատ։

Հիմա, երբ տնտեսական իրավիճակը երկրում վատացել է՝ մարդիկ կանգնել են եղածն էլ կորցնելու վտանգի առաջ։ Արդեն տասնյակ հազարներով է հաշվվում աշխատանքից զրկվածների քանակը։ Աշխատաշուկայում լարվածությունը մեծացել է։ Կանխատեսվում է, որ այստեղ ունենալու ենք շատ ավելի վատ պատկեր, քան ունեինք 2-3 տարի առաջ։ Գործազրկությունը կարող է հասնել 21-22 տոկոսի։ Ու եթե հաշվի առնենք, որ վերջին 2 տարիներին գործազրկության պատկերը Հայաստանում բարելավվել է հիմնականում ոչ թե նոր աշխատատեղերի ստեղծման, այլ զուտ հաշվառման հաշվին, ապա ունենալու ենք շատ ու շատ ավելի տխուր պատկեր։

Սոցիալական իրավիճակի թուլացման ուղղությամբ իշխանությունների քայլերը համարժեք չեն առկա իրողություններին։ Հիմնական հույսը կապիտալ շինարարությունն է։ Սակայն անիմաստ է մտածել, որ դրանով հնարավոր է լուծել սոցիալական լարվածության խնդիրը, որն ուղեկցվում է ոչ միայն աշխատատեղերի կորստով ու մարդկանց եկամուտների նվազումով, այլև մի շարք առանցքային շուկաներում դիտարկվող բարձր գնաճային երևույթներով։

Գյուղմթերքների շուկայում առկա բարձր գնաճը գուցեև հիմնավոր է, բայց դրանից տուժողը սպառողն է, որի մասին կրկին մտածող չկա։ Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանի համար այլևս արդիական չէ այն հարցը, թե «ի՞նչ պիտի ուտեն աղքատները»։ Կարևորը՝ պաշտոնական գնաճը ցածր է։ Կարևոր չէ, որ սպառողներն այլ կերպ են զգում դրա իրական ազդեցությունն իրենց վրա։

Այս ամենը, ի վերջո, բերելու է երկրում սոցիալական լարվածության խորացման։ Առայժմ դժվար է ասել, թե դա մինչև ուր կարող է հասնել։ Հայտնի է սակայն, որ առանց այդ էլ աղքատության մակարդակը մեր երկրում չափազանց բարձր է։

Պաշտոնական տվյալներով՝ խոսքն առնվազն 700 հազար մարդու մասին է։ Նրանց մեջ քիչ չեն նաև ծայրահեղ աղքատները։ Այն, ինչ վերջին ամիսներին տեղի է ունենում սոցիալական ոլորտում, ավելացնում է այդ մարդկանց քանակը։

Նախկինում նրանք լավ չէին ապրում, հիմա սկսելու են ավելի վատ ապրել։ «Նոր» Հայաստանում էլ լավ ապրելու նրանց հույսերը հեռու են իրականություն դառնալուց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել