Հուլիսի 30-ի առավոտյան ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում ստացվեց, որ Լիճք գյուղում կրակոց է հնչել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը տեղում իրականացրած հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզեցին կատարվածի մի շարք հանգամանքներ։

Քննությանը հայտնի նախնական տվյալներով՝ ապօրինի հրացանով կրակել էր Լիճք գյուղի բնակիչ, 83-ամյա մի տղամարդ։ Թիրախը 62-ամյա համագյուղացին էր։ 83-ամյա տղամարդը մոտ տարածությունից հրացանը պահել էր նրա դեմքի ուղղությամբ։ Կրակոցի պահին 62-ամյա տղամարդը կռացել էր ու ողջ մնացել։ Հրացանավորը փորձել էր երկրորդ անգամ կրակել, բայց ինչ-ինչ պատճառներով հրազենը չէր կրակել։ 62-ամյա տղամարդուն հաջողվել էր խլել հրացանը։

Այն առգրավված է։ Նշանակվել են փորձաքննություններ։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին։

Կատարվածի այլ հանգամանքներ, ինչպես և հանցագործության շարժառիթը նախաքննությամբ պարզվում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել