«Հաշվի առնելով, որ կառավարության հուլիսի 25-ի նիստում ներառվել է 1 գաղտնի հարց` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներկայացմամբ, ինչը, մեր ենթադրությամբ, պետք է առնչվի հանրային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման խնդիրներին՝ հարկ ենք համարում նշել հետեւյալը.
1. Անընդունելի եւ հակաժողովրդավարական պրակտիկա ենք համարում հանրային ոլորտը շոշփող հարցերի փակ քննարկումը: Երեւանի քաղաքապետն ընտրովի պաշտոն է եւ պարտավոր է բաց ու թափանցիկ հաշվետվություն ներկայացնել առաջին հերթին իր ընտրողներին:
2. Չենք ընդունելու տրանսպորտի սակագինը իջեցնելու մասին որեւէ լուծում, որը կիրականացվի ՀՀ պետբյուջեից սուբսիդավորման կամ որեւէ այլ փոխհատուցման եղանակով՝ հանրային այլ ոլորտներին ուղղված ծախսերի կրճատման հաշվին:
3. Երեւան քաղաքի տրանսպորտային ցանցը գտնվում է քաղաքապետարանի պատասխանատվության շրջանակում, եւ կառավարությունը իրավունք չունի միջամտելու տրանսպորտի հետ կապված խնդիրներին:
Եթե ՀՀ կառավարությունն արդարացրեց մեր մտահոգությունները եւ փորձեց նման եղանակով լուծել առկա խնդիրը, մենք կարձանագրենք, որ գործադիր իշխանությունը դառնում է քաղաքապետարանի կողմից ընդունված ապօրինի որոշման մասնակիցը:
Եթե կառավարությունը, ամեն դեպքում, ցանկանում է նպաստել խնդրի լուծմանը, ապա դրա միակ ճանապարհը հանրային բաց եւ թափանցիկ լսումների կազմակերպումն է բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, որոնց տեսակետները պետք է միանշանակորեն հաշվի առնվեն որոշում ընդունելիս»:
«Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնություն
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել