Shantnews.am-ը գրում է․
Իտալացի գիտնականներն ուսումնասիրել են Իտալիայի հյուսիսի տարբեր քաղաքներից ավելի քան 1500 կատուների և շների արյան, կղանքի ու մեզի նմուշները և պարզել, որ 3-4 տոկոսի մոտ COVID-19-ի հակամարմիններ կան:
Ուսումնասիրության նախնական արդյունքները հրապարակվել են bioRxiv էլեկտրոնային գիտական գրադարանում:
«Այսպիսով, կատուների և շների՝ կորոնավիրուսով վարակվելն ամենևին էլ արտասովոր երևույթ չէ: Մյուս կողմից, դեռևս հիմքեր չկան ենթադրելու, որ այդ կենդանիները տարածում են վիրուսը, բացառությամբ այն դեպքերի, որոնք կան Նիդեռլանդներում՝ ջրաքիսների պարագայում»,- ասված է հետազոտողների զեկույցում:
Նշվում է, որ կենդանիների արյան նմուշներում գիտնականները կորոնավիրուսի ՌՆԹ-ի հետքեր չեն գտել, սակայն որոշ կենդանիների արյան մեջ հակամարմիններ են հայտնվել: Մասնավորապես, բժիշկները դրանք նկատել են 13 շների (3,4 տոկոս) և վեց կատուների (4 տոկոս) մոտ:
Գիտնականները նաև նշել են, որ այն կենդանիները, որոնք ապրում էին համաճարակից առավել խիստ տուժած շրջաններում, վարակվել են մյուսներից ավելի հաճախ: Այս ամենը, ինչպես կարծում են հետազոտողները, վկայում է այն մասին, որ ընտանի կենդանիների շրջանում կորոնավիրուսը տարածվում է մոտավորապես այնպես, ինչպես նրանց տերերի շրջանում:
Հիշեցնենք, որ Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի և Գուաչժունի գյուղատնտեսական համալսարանի չինացի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ կատուների մոտ 15 տոկոսը վարակված է COVID-19-ով: