Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը ազատ կարող է եվրոպական լավագույն դահլիճների զարդը լինել:

Դմիտրի Շոստակովիչ

                       ***

Նամակներից մեկում Արամ Խաչատրյանը գրում է Հովհաննես Չեքիջյանին.

 -Դու գույների և երանգների այնպիսի մեծ ընդգրկում ունես, որ ապշեցնում է:

Դու և քո գործունեությունը «համամարդկայինը ազգայինի մեջ» բանաձևի վառ ապացույցն եք:

Դու կարողացել ես քո ազգայինը վերածել համազգայինի և քո արվեստը դարձնել համամարդկային:

                                                                               ***

Լատվիայի կոմպոզիտորների միության նախագահ Օլգերտ Գրավիտիսը գրեց.

-Համոզված կարելի է ասել, հազիվ թե մենք երբևէ հանդիպել ենք խմբերգային արվեստի այսպիսի պրոֆեսիոնալ մակարդակի:

-Թվում է, թե Հովհաննես Չեքիջյանի ձեռքերը հպվել են մարդկային ձայնի դեռևս չհայտնագործված մի գործիքի: Այդ ձեռքերը մեզ ստիպեցին լսել գործիքների արքայի` երգեհոնի հնչողությանը շատ մոտ ինչ-որ մի բան: Եվ թվում է, թե այդ երգեհոնում կա մարդկային շնչառություն, բացահայտվում են ամենախոր շարժումներն ու զգացողությունները:

-Հովհաննես Չեքիջյանը հոյակապ է տիրապետում սիմֆոնիկ նվագախմբին: Նա համերգը վարում է բուռն թափով:

-Ցանկացած ստեղծագործության առաջին իսկ տակտերից մինչև վերջին ակորդները նա ենթարկվում է լոկ մի բանի`երաժշտականությանը:

-Դիրիժորը խորությամբ է բացահայտում բովանդակությունը և ընդգծում ստեղծագործության հուզական միտքը:

-Զարմանալի է նրա ղեկաված երգչախմբի պրոֆեսիալիզմը, որը բացահայտվում է վոկալ հնչողության, գործիքային ճշգրտության և դինամիկ կոնտրաստների մեջ:

 

Հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասի բազմաբնույթ ու խոր ստեղծագործությունն ունկնդիրների առաջ հառնեց առաջնակարգ խմբերգային կոլեկտիվի` Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի կատարմամբ, որը ղեկավարում է խմբերգային արվեստի ականավոր վարպետ Հովհաննես Չեքիջյանը` կապելլայի կատարած ստեղծագործությունների հնչողության մեջ ներդնելով իր ստեղծագործական վառ անհատականությունը:

Թվում է, թե երգչախմբին մատչելի են մարդկային բոլոր հույզերը` նուրբ երազկոտությունից մինչև շեքսպիրյան կրքերը, թեթև կատակից մինչև լարված պայքարի դրամատիզմը:

Հիրավի, անսահման է վոկալ երանգների հարստությունը, որոնց տիրապետում է կապելլան:

                                              ***

Դմիտրի Կաբալևսկի

Он ″маршал хорового искусства″, - ասել է Խորհրդային Միության կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանը:

                                              ***

Խմբերգային արվեստի նշանավոր վարպետ Գուստավ Էռնեսաքսի ստորագրությամբ «Ռահվա հյաել» թերթում կարդում ենք.

«Ինտոնացիոն հարստությունը, ֆրազավորման հստակությունը հնարավորություն են ընձեռում հաղորդել ունկնդրին այն, ինչն անհնար է ֆիքսել նոտաներով: Կապելլայի կատարմամբ հնչում են ոչ միայն տեքստը, այլև` ենթատեքտը, ոչ միայն տողերը, այլև այն, ինչ գտնվում է տողերի միջև, տողից վերև ու տողատակին:

Հ. Չեքիջյանը կայծակի արագությամբ է արձագանքում երգչախմբի այս կամ այն մասում նկատվող ամենափոքր տատանումին կամ հնչերանգին: Չեքիջյանի ղեկավարությամբ խումբը հիշեցնում է սնդիկով լեցուն սրվակ, որն անդրադարձնում է դույզն-ինչ շեղումը:

Յուրաքանչյուր ակնթարթ դիրիժորը պատրաստ է երգչախմբի ղեկավարման վահանակին միացնել նորանոր նրբերանգներ, այդ ամենը կատարվում է էլեկտրոնային վիրտուոզությամբ»:

                                            ***

Լենֆիլհարմոնիայի ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Եվգենի Մրավինսկին ասել է.

«Շոստակովիչի անվան մեծ համերգասրահում Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ լսելով Բեռլիոզի «Ռեքվիեմը», որը իրականացրեց դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը, ես բախվեցի մի այնպիսի մեկնաբանի հետ, որն ստիպեց ինձ մոռանալ պարտիտուրը և իմ պրոֆեսիոնալ վերաբերմունքը երաժշտության հանդեպ: Ես ակամա դարձա սովորական, հիացած ունկնդիր և երջանիկ էի, որ այդպիսի ուրախություն վայելեցի:

                                                              ***

Հայկական կապելլան Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ մեծագույն երևույթ է մեր մշակութային կյանքում: Երգչախմբի երգեցողությունը հայ ժողովրդի ոգին է: Ես ընդմիշտ կհիշեմ երգչախմբի ելույթը Գառնիում, որտեղ երգերը այլ կերպ էին հնչում սարերի և հինավուրց ճարտարապետության ներքո: Լենինգրադը սիրում է հայկական երաժշտությունը, և այդ սերը ունի խոր արմատներ»:             

Բորիս Պետրովսկի

                                                   ***

 Ես շատ երգչախմբեր եմ լսել իմ կյանքի ընթացքում աշխարհի շատ երկրներում, բայց հայկական կապելլան իմ կարծիքով լավագույնն է, օրիգինալ է և նուրբ, շատ մոտ նվագախմբային սիմֆոնիզմին Հովհաննես Չեքիջյանի փայլուն մեկնաբանմամբ: Երգչախմբին կարող ես լսել անդադար, առանց հոգնելու, ամբողջ երեկո:

Մարիետա Շահինյան

                                                     ***

Հայասանի պետական կապելլային ես լսել եմ դեռևս իմ երիտասարդության տարիներին: Հսկայական քայլ կատարեց կոլեկտիվը` դառնալով լավագույն երգչախմբերից մեկը՝ շնորհիվ մեծագույն վարպետ Հովհաննես Չեքիջյանի: Հնչողության կրքոտ ուժը, ձայների հստակությունը, ծրագրերի բազմազանությունը` հայ կլասիկ ստեղծագործություններից մինչև ժամանակակից ստեղծագործություններ, սա է կոլեկտիվի ստեղծագործական ծավալը:          

 Օտար Տակտակիշվիլի

                                                      ***

Երգչախմբի և իր ղեկավարի վարպետությունը ոչ միայն ուրախություն է պատճառում ունկնդիրին, այլև վեհացնում է նրան: Մեծ խորությամբ և պաթոսով մեզ ներկայացրեց Չեքիջյանը Բեթհովենի «9-րդ սիմֆոնիան», Բեռլիոզի «Թե Դեումը», առաջին անգամ այստեղ հնչող Բախի «Մեսսան»: Ոչ բոլոր դիրիժորները կհամարձակվեին ելույթ ունենալ այդ ծրագրով Մոսկվայում: Եվ Չեքիջյանը պատվով հաղթահարեց այդ քննությունը: Պետական ակադեմիական երգչախումբը ինչպես միշտ ցնցող էր: Այդ երեկոները ինձ աննկարագրելի հաճույք էին պատճառում:

Իվան Կոզլովսկի    

Սկիզբը     

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել