Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը , ում վերադասը և մերձավորը Սուրեն Պապիկյանն է, այսօր հայտարարել է, թե ոռոգման խնդիրների պատճառը, ոչ թե Ջրօգտագործող ընկերությունների(ՋՕԸ) համակարգի մեջ է, այլ հենց ջուր օգտագործողների կամ նույնն է թե՝ գյուղացու։ Այսինքն, գյուղացին է մեղավոր, որ ՋՕԸ-երը անարդյունավետ են աշխատում, գյուղացին է մեղավոր, որ Պապիկյան Սուրենը իր մերձավորին նշանակել է կոմիտեի նախագահ, բարեկամին(որոշ տեղեկություններով մորաքրոջ որդուն) նշանակել է Ջրառի պետ, ՔՊ-ականները դարձել են ՋՕԸ-երի ղեկավարներ, և այսպես շարունակ գյուղացին է մեղավոր։ Գուցե՞ իրոք գյուղացին մեղավոր է, որ օրերով դիմում և սպասում է, բայց ջուր չեն տալիս, որպեսզի դաշտը ջրի, որ ջրի համար վճարում է ըստ ջրած հողատարածքի քառակուսի մետրի, բայց ջուր ստանում է իբր խորանարդ մետրով, որի ծավալը նախկինում էլ չի չափվել, հիմա էլ չի չափվում, գուցե՞ գյուղացին է մեղավոր, որ ՋՕԸ-երը Ջրառից 1 դրամով ջուրը վերցնում են՝ 11 դրամով վաճառում գյուղացուն կամ գետից ջուրը վերցնում են և էլի 11 դրամով վաճառում, իսկ թե ինչ ծավալով են գետից ջուր վերցնում և վաճառում գիտեն միայն ՋՕԸ-երը, իսկ պետությունը վերահսկողություն չի սահմանում։ Գուցե՞ գյուղացին է մեղավոր, որ հանդուժում է այս ամենը, որ բավարար չափով չի պահանջում ու մի բան էլ իշխանության վզին չի տալիս դուրս շպրտի, գուցե, բայց իշխանությունը հաստատ մեղավոր է, որ խոստումներ տալով՝ ստորաբար խափել է նույն գյուղացուն և ոչինչ չի փոխել։
Իհարկե Ջրային կոմիտեի նախագահը կարդարացնի ՋՕԸ-երի համակարգը՝ չէ՞ որ կարելի է անսահմանափակ ջուր առնել և տասնմեկ անգամ թանկով վաճառել, ընդ որում գյուղացուց փողն էլ վերցնել առ ձեռն, իսկ թե այդ փողը որ ՔՊ -ականի գրպանը կգնա՝ հայտնի չէ։ Իհարկե կոմիտեի նախագահի համար լավ համակարգ է, մանավանդ որ տարվա վերջում էլ այսքանից հետո պետությունը մոտ 5 մլրդ դրամով ամեն տարի փոխհատուցում է ՋՕԸ-երի ծախսերը։
Ի դեպ՝ ՋՕԸ-երի ներդրման համակարգը արդարացնում էին և նախկին իշխանությունները, և գործող իշխանությունները, որովհետև կա մի համակարգ, որտեղից փող լափելը ավելի հեշտ է, քան թե մեկ բաժակ ջուր խմելը։ Պետք է լուծարել ՋՕԸ-երը , և պետությունը ոռոգման համակարգը վերցնի իր ձեռքը։
Հ․Գ․ «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ-ն հարցում էր ուղարկել դատախազություն՝ ստանալու տեղեկատվություն, թե ինչ փուլում է գտնվում նախկինում ՋՕԸ-երում հայտնաբերված 3,6 մլրդ դրամի չարաշահումները, ի պատասխան նշվել է, որ նույնիսկ մեկ դրամ գումար չի վերադարձվել պետությանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: