«Մեդիա պաշտպան» նախաձեռնության հայցադիմումի հիմքով 21.07.2020թ-ին տեղի ունեցավ առաջին դատական նիստն ընդդեմ վարչապետի աշխատակազմին կից Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը պահանջում է, որ վարչապետի աշխատակազմին կից Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ը տրամադրի իրենց մոտ աշխատող և աշխատանքից ազատված աշխատակիցների ցանկը։
Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ը մերժել էր հարցման հիմքով անվանացանկը տրամադրել։
Մերժման հիմք էին հանդիսացել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի առաջին կետի առաջին ենթակետի դրույթները։ ՊՈԱԿ-ը նշել էր, որ «Մեդիա պաշտպանի» հարցումը անձնական տվյալներ է պարունակում։
Անվանացանկը ստանալու հիմքով «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դիմել է դատարան և նույն հիմքով դիմել էր նաև ՀՀ անձնական տվյալների պաշտպանության գործակալություն։
ՀՀ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը 2020 թվականի փետրվարի 10-ին կայացրել է որոշում, ըստ որի` ՀԿՏԿ ՊՈԱԿ֊ի կողմից գրանցված մշտական աշխատակիցների և աշխատանքից ազատված աշխատակիցների անվանացուցակներ հրապարակելը այնքանով, որքանով կիրականացվի «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 7֊րդ հոդվածի 3֊րդ մասի 4֊րդ կետի համապատասխան կամ հարցման հիման վրա հարցմամբ դիմողին տրամադրելը, այնքանով, որքանով չի պարունակի «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8֊րդ հոդվածի 1֊ին մասով նախատեսված տեղեկությունները, չի հակասում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին։
ՀԿՏԿ ՊՈԱԿ-ի ներկայացուցիչն առաջին դատական նիստին չի ներկայացել։ Հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 7-ին։