1in.am-ը գրում է.
ՀՀԿ-ական պատգամավոր, «Եվրոստան-ույուտ» ընկերության սեփականատեր Մանվել Բադեյանը համոզված է, որ տրանսպորտի թանկացման դեմ ակցիաների հետևում կանգնած են կոնկրետ կազմակերպիչներ, ինչ-ինչ ուժեր, որոնք «հրահրում են ակցիաները, պլակատներ են տպում և այլն»: Իսկ ժողովուրդը, նրա կարծիքով, կարող է վճարել այդ 150 դրամը: Հիշեցնենք, որ երթուղային գծերի հիմնական տերերը հենց ՀՀԿ-ականներ են: Ներկայացնում եք Մանվել Բադեյանի հետ «Առաջին լրատվական»-ի հարցազրույցը:
- Պարոն Բադեյան, որպես ՀՀԿ-ական պատգամավոր, ինչպե՞ս եք գնահատում ներկա ակցիաները փողոցներում:
- Օրինակ` ես զարմանում եմ, թե ինչի էդ նույն մարդիկ նույն ձևով կազմակերպված չեն բողոքում, օրինակ, կարտոֆիլի թանկացման դեմ, կամ չգիտեմ, ամեն ինչի թանկացման դեմ ինչի չեն բողոքում: Էդ նշանակում ա, կազմակերպողներ կան: Այ, էդ կազմակերպողներից հարցրեք` ովքեր են ու ինչ նպատակներ են հետապնդում: Համ ուզում եք` վարորդների աշխատավարձը բարձրանա, համ ուզում եք` տոմսը ցածր լինի, ո՞նց կարա լինի:
- Պարոն Բադեյան, սակայն խնդիրն այն է, որ վարորդների աշխատավարձը չի բարձրացել, չի էլ բարձրանալու:
- Իսկ ինչի՞ հաշվին պիտի բարձրանա:
- Ուրեմն մեր` քաղաքացիներիս հաշվի՞ն պիտի բարձրանա: Թող գծատերն այդքան շատ գումար չպահանջի վարորդից, այդ դեպքում, կարծում եմ` վարորդները արժանապատիվ աշխատավարձ կունենան:
- Դուք ուզում եք, չէ՞, նոր մեքենաներ ունենաք, ուզում եք, չէ՞, ավտոբուսները լավը լինեն, ուզում եք, չէ՞, նորմալ չափանիշներին համապատասխանեն, ոչ թե փտած «ԳԱԶել»-ներ լինեն: Էդ ինչի՞ հաշվին պիտի լինի:
- Լավ, ո՞րն է Ձեր գնահատականը տրանսպորտի թանկացմանը:
- Որևէ թանկացում ես չեմ կարող ողջունել: Իհարկե, ցանկացած թանկություն վատ բան ա, բայց պիտի հասկանանք` հնարավո՞ր ա դրանից խուսափել, թե՞ չէ: Իմ խորին համոզմամբ` հնարավոր չէր, որովհետև գազը թանկացել ա` դրանից բխող բոլոր հետևանքները անխուսափելի են: Իսկ ինչ վերաբերում է էս բաներին` տարերային պրոցեսներին, իմ խորին գիտակցությամբ` դրա հետևում կանգնած են մարդիկ, որոնք կազմակերպում են, հրահրում են, պլակատներ են տպում, չեմ իմանում` ինչեր են անում: Այ, նրանցից հարցրեք, թե ինչի են անում: Ո՞նց եղավ, որ էդ 50 դրամը դառավ համաժողովրդական հարց:
- Չե՞ք կարծում, որ 50 դրամը համաժողովրդական հարց է, քանի որ ժողովուրդը չի կարող վճարել:
- Չէ՛, չեմ կարծում:
- Կարծում եք` կարո՞ղ է:
- Այո՛:
- Իսկ Դուք Ձեր աշխատակիցների աշխատավարձը բարձրացրե՞լ եք այս ամիս, օրինակ:
- Այո՛, այս ամիս հենց բարձրացրել եմ:
- Ինչքա՞ն եք բարձրացրել:
- 132 հազար դրամ է իմ մոտ միջին աշխատավարձը:
- Կարծում եք` 132 հազար դրամ ստացող մարդը կարո՞ղ է օրական մի քանի անգամ օգտվել 150 դրամանոց տրանսպորտից:
- Ես կարծում եմ` 732 հազարն էլ պրոբլեմներ ունի, 800 հազարն էլ պրոբլեմներ ունի, միշտ էլ աշխատավարձը ցանկալիից ցածր է լինում: Համենայնդեպս, ինձ պատկանող հիմնարկում որևէ խնդիր չի ծագել էդ կապակցությամբ: