Shantnews.am-ը գրում է.
Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի ընտանիքը Սահմանադրական դատարանի միջոցով մտադիր է հասանելիություն ստանալ Զվիադ Գամսախուրդիայի մահվան կապակցությամբ հետաքննության նյութերին: Հետաքննություն, որը շարունակվում է գրեթե երեք տասնամյակ: Այդ մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ընտանիքի փաստաբան Ամիրան Գիգուաշվիլին:
«Սույն թվականի մարտի 28-ին Սահմանադրական դատարանը քննարկեց «Կոնստանտին Գամսախուրդիան ընդդեմ Վրաստանի խորհրդարանի» հայցադիմումը` կապված Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի սպանության գործի հետաքննության նյութերին ծանոթանալու դատախազի մերժման հետ», – ասել է Գիգուաշվիլին:
Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան անհայտ հանգամանքներում մահացել է 1993-ի դեկտեմբերի 31-ին Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանի գյուղերից մեկում: Ընտանիքը չի հավատում ինքնասպանության պաշտոնական վարկածին։ 2015-ին դատախազությունը վերսկսել է հետաքննությունը։