Նմանատիպ դատերը դառնում են շատ վատ պրակտիկա: Փորձեմ բացատրել:

Ծանոթս, ով աշխատում էր Աֆղանստանում, պատմեց մի հետաքրքիր դեպք: Պարզվում է` համայնքներից մեկի` հեղինակություն վայելող անդամը հրաժարվել էր համագործակցել ահաբեկիչների հետ: Նրանք ընտրել էին հետաքրքիր ռազմավարություն: Մի քանի անգամ զանգահարել էին այդ մարդուն ու այնպես, որ ԱՄՆ համապատասխան ուժերը գրանցեին այդ զանգի հետքերը: ԱՄՆ մարմինների աչքից չէր վրիպել զանգողների ինքնությունը, այսինքն` ահաբեկիչները կապ էին հաստատել այդ մարդու հետ և վերջինիս դատապարտել էին մի քանի տարի ազատազրկման: Այդպիսով, ահաբեկիչները, օգտվելով ԱՄՆ աշխատաոճի անցքերից, չեզոքացրել էին իրենց համար անցանկալի մարդու: (Միայն հետո էին ամերիկացիները հասկացել, թե ինչ է տեղի ունեցել):


Ուրեմն, լրտեսի հետ շփումը ու փող վերցնելը հիմք չեն մարդուն դատելու համար, եթե տրված չէ այն պարզ հարցի պատասխանը, թե որն է հանցակազմը: Ի՞նչ գաղտնի ինֆորմացիա է տրամադրվել, եթե տրամադրվել է, ապա ինչու՞ կա գաղտնի ինֆորմացիային նման մուտք և այլն: Այլապես, հաց վաճառողին էլ կարելի է դատել` ասելով, որ նա լրտեսին հաց է վաճառել: Այս սովետական հիմար մոտեցմանը պետք է վերջ դնել, երբ արտասահմանցու հետ շփվելը կամ հավի գինը «թշնամուն» հայտնելը համարվում էր հանցանք ու դավաճանություն: Սա մի մեծ անցք է, որից թշնամին իրոք կարող է օգտվել ու դրսից մեծ վնասներ հասցնել ներհասարակական հարաբերություններին: Այս դեպքում հանցակազմը նշված չէ, ու ստացվում է, որ արտաքին երկրի լրտեսը 1000 դոլարով կարող է երկու քաղաքացու նստեցնել ճաղերի ետևը: Կներեք, եթե հանցակազմը չնշվի, ապա համարում եմ, որ մեր իրավական մարմիններն են ավելի շուտ հանդիսանում այլ երկրի հետախուզական մարմինների գործակալն ու գործիքը:

Հ.Գ.
Էլ չասեմ, որ նման սխեմա բացահայտելուց հետո կարելի էր օգտագործել այն ընդդեմ թշնամի երկրի: Մասնավորապես, այդ խողովակը օգտագործվեր ապատեղեկատվություն տրամադրելու համար:

Կից նյութն`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել