Shantnews.am-ը գրում է․
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին առցանց երկխոսել է երիտասարդության հետ և հայտարարել, որ առաջիկա 100 օրը վճռորոշ կլինի Վրաստանի համար. «100 օրվա ընթացքում Վրաստանը կա՛մ գոյատևի և կդառնա երկիր, կա՛մ Վրաստանը չի լինի», – ասել է նա:
Միևնույն ժամանակ նա հավելել է, որ չնայած լավ դիրքեր ունի Ուկրաինայում՝ մտադիր չէ մնալ առանց հայրենիք և պատրաստ է պայքարելու:
«Ես սպորտային կեցվածք եմ ստանում և պատրաստվում վճռական ցատկի, սակայն ցանկալի է, որ այն չլինի անդունդ, քանի որ մեր երկիրը շարժվում է դեպի անդունդ… Այնտեղ` Վրաստանում, մեզ ցավազրկող են ներարկում, և մինչ նրանք «սպանում» են տնտեսությունը, մեզ ասում են՝ հանդարտվեք, լռեք, մի շարժեք ձեռքերդ ու ոտքերդ: Ինչո՞ւ չեն թողնում զբոսաշրջիկներին: Դա միակ բանն է, որով ապրում է Վրաստանը: Նրանց թույլ չեն տալիս ներս մտնել, քանի որ, ըստ Իվանիշվիլիի, որքան աղքատ է բնակչությունը, այնքան հեշտ և էժան կվաճառվի»,- ասել է Միխեիլ Սաակաշվիլին:
Սաակաշվիլիի հայտարարության կաապկցությամբ Վրաստանում Ուկրաինայի դեսպանը կանչվել է Վրաստանի ԱԳՆ։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը նախկին նախագահ Սաակաշվիլիի նման հայտաարրությունների կապակցությամբ հուլիսի 10-ին հրավիրվել էր Վրաստանի ԱԳՆ: Վրացական կողմը մտահոգություն է հայտնել Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությունների կապակցությամբ: