ՎԵՏՕ-ի անդամներն այս պահին Արտաշատի ոստիկանության բաժնի դիմաց են: Առավոտյան Խոր Վիրապ վանական համալիրի տարածքից «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը, «Անալիտիկ» կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանը և ՎԵՏՕ շարժման մասնակիցները բերման ենթարկվեցին:

Նարեկ Մալյանը նախօրեին տեսաուղերձ էր հրապարակել, որով նշում էր, որ այսօր՝ 11:00-ին, դեպի Երևան ավտոերթ պետք է իրականացնի՝ ընդդեմ արտակարգ դրության երկարաձգման:

«Ադեկվատ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը նշեց, որ հետևել է ոստիկանության գործողություններին և անակնկալի է եկել՝ տեսնելով նրանց գործողությունները, քանի որ երկրում, որտեղ իշխանությունները 85 տոկոս վարկանիշ ունեն, չպիտի վախենան Նարեկ Մալյանի միանձյա ակցիայից:

Արթուր Դանիելյանը նշեց, որ Նարեկ Մալյանը նախապես նշել էր, որ միանձնյա ակցիա է իրականացնելու՝ Խոր Վիրապից ուղևորվելու է Երևան, որի ընթացքում պարետի որոշում չի խախտվել:

«Մենք, երբ եկանք Արտաշատի ոստիկանության բաժին, մի քանի րոպե առաջ թիրախային բերման ենթարկեցին Հայկ Մամիջանյանին՝ նշելով, որ սոցիալական հեռավորություն չի պահում: Եթե երկու հոգի էին, ինչի՞ իրեն միայն բերման ենթարկեցին, իսկ մյուսին՝ ոչ, երբ այստեղ 30 հոգի մարդ կար: Ակնհայտ է, որ իշխանություններն ինչ-որ գործողություններ են իրականացնում, ինչ-որ բանից վախեցած են: Այս պահին սպասում ենք՝ տեսնենք՝ Մալյանը երբ դուրս կգա: Եթե ոստիկանները գնան իրավիճակի սրման, բացառված չէ, որ մենք դիմադրություն ցույց տանք, քանի որ ակնհայտ է, որ քաղաքական նպատակներով մարդկանց փողոցից վերցնում, բերման են ենթարկում»,- նշեց նա:

Արթուր Դանիելյանը նշեց, որ ակնհայտ է, որ Կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարը տանուլ է տվել, և իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել.

«Մայիսից հետո որևէ միջոց ձեռնարկելը անիմաստ է դարձել, բայց հենց հունիսից սկսեց պայքարել կորոնավիրուսի դեմ և ընդամենը հավաքները արգելեցին և համապետական դիմակահանդես հայտարարեցին, որի նպատակը Կառավարության ուսերից մեղքը մարդկանց ուսերին բարդելն է: Իշխանությունները ջանք չեն խնայում հավաքների արգելք իրականացնելուց, որ քաղաքական առումով ռիսկ չսպառնա իրենց: Եվ բոլոր օրենսդրական նախաձեռնությունները նրանք անցկացրին արտակարգ դրության պայմաններում․ խոսքը և՛ Լանզարոտեի կոնվենցիայի, և՛ Սահմանադրական դատարանի դատավորների չհայտարարված որսը լեգիտիմ պատրվակով ավարտելն էր: Ես վստահ եմ, որ բազմաթիվ օրենսդրական ակտեր ընդունվելու են՝ արտակարգ դրությունը օգտագործելով»,- ավելացրեց նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել