Սուրճը` որպես նախընտրելի ըմպելիք, օգտագործում են գրեթե բոլոր երկրներում: Սակայն այն ունի ինչպես օգտակար, այնպես էլ վնասակար ազդեցություն: 19-րդ դարի սկզբին գիտնականները հայտնաբերում են կոֆեինը, որը հետագայում պարզաբանելու էր սուրճի առույգացնող ուժը:
Գուցե մեզնից շատերի մոտ առաջացել է այս հարցը` արդյոք կարելի՞ է որպես նախաճաշ սուրճ խմել, կամ քանի՞ բաժակ սուրճ կարելի է խմել օրական:
Սուրճը համարվում է տոնուսը բարձրացնող միջոց: Մեզանից շատերը սուրճն օգտագործում են քունը ետ վանելու համար, սակայն երևի քչերին են հայտնի սուրճի մյուս օգտակար հատկությունները:

Սուրճը, որի բաղադրության մեջ մտնում են կոֆեին, շաքարներ, ազոտային միացություններ, ճարպեր և այլն, ազդում է նյարդային համակարգի վրա` խթանելով ուղեղի ֆունկցիաները և ռեֆլեքսների արագությունը: Այն կարող է նաև դրական ազդել տեսողության վրա: Այն ազդում է սրտի և անոթների վրա, արագացնում սրտի ռիթմն ու կծկումները, որն իր հերթին թեթևակի բարձրացնում է արյան ճնշումը` չառաջացնելով ոչ հիպերտոնիա, ոչ սրտի կաթված: Այն նպաստում է մարսողությանը և ազդում թոքերի ֆունկցիաների վրա` ավելացնելով շնչառական շարժումների հաճախականությունը: Օրգանիզմն, ընդունելով իրեն անհրաժեշտ կոֆեինը, վերջում այն դուրս է մղում օրգանիզմից, սակայն սուրճի և կաթի համակցությունը որոշ մարդկանց մոտ կարող է առաջացնել մարսողական դժվարություններ:
Սուրճն օգտակար է ուժեղ գլխացավի դեմ, հատկապես էսպրեսսո, րիստրետտո տեսակը: Սուրճի բաղադրության մեջ չի հայտնաբերվել քաղցկեղ առաջացնող ոչ մի բաղադրամաս, միայն խորհուրդ է տրվում չչարաշահել այս ըմպելիքը, հակառակ դեպքում դա կարող է առաջացնել սրտխառնոց, ձեռքերի դող, անքնություն:

Ցանկալի չէ սոված ժամանակ սուրճ խմել: Սուրճի ընդունումից հետո առաջացած ակտիվությունը 20-30 րոպե հետո սկսում է նվազել: Սուրճի չարաշահումը (օրական 2 բաժակից ավել) սկսում է հակառակ ազդեցություն թողնել՝ առաջ է գալիս ընդհանուր թուլություն, սրտի աշխատանքի անկանոնություն, ձեռքերի դող: Արյան ցածր ճնշում ունեցողները սուրճից հետո արագորեն սկսում են լավ զգալ, բայց 40-50 րոպե հետո բարելավման էֆեկտը ցնդում է: Առողջ, չափահաս մարդը օրական կարող է խմել 350 – 500 մգ կոֆեին:

Իսկ այժմ ևս մեկ հետաքրքիր տեղեկություն սուրճի մրուրի մասին. այն հաստատ ձեզ պետք կգա: Սուրճը խմում ենք, իսկ սուրճի մրուրն ի՞նչ ենք անում: Իհարկե, երբեմն դրանով բախտ են գուշակում, բայց ընդհանրապես դեն է շպրտվում: Սակայն դուք կզարմանաք, եթե իմանաք` որքան կարևոր է սուրճի մրուրը:

Սուրճի մրուրը ոչ պակաս, քան ինքը՝ սուրճը, շատ արժեքավոր բաներ է պարունակում՝ վիտամիններ, էնզիմներ, հակաօքսիդանտներ: Դրանք օգտակար են ձեր մաշկի համար: Սուրճի մրուրից հրաշալի սկրաբ է ստացվում, որը լավ մաքրում է մահացած բջիջներն ու սննդարար նյութերով սնուցում մաշկը: Պարզապես հավաքեք երկու-երեք գավաթ սուրճի մրուրը և ցնցուղ ընդունելիս մաշկը տրորեք դրանով, թողեք մի քանի րոպե ու մաքրեք: Մաշկը կդառնա շատ հարթ ու թավշյա:
Եթե դուք թխահեր եք, սուրճը ձեր մազերին գեղեցիկ երանգ ու փայլ կտա: Դրա համար մազերը ողողեք թարմ ու գոլ սուրճով: Եթե ուզում եք ազատվել թեփից ու առողջացնել գլխի մաշկը, սուրճի մրուրը տրորեք գլխի մաշկին՝ մազարմատների մոտ: Թողեք 3-5 րոպե, ապա մազերը խնամքով լվացեք:

Սուրճը հրաշալի հատկություն ունի՝ տհաճ հոտերը վերացնում է՝ առանց իրերին սուրճի հոտ հաղորդելու: Սուրճի մրուրը չորացրեք ու լցրեք մի քանի շերտ թանզիֆի կամ հին զուգագուլպայի մեջ: Մրուրով պարկիկը դրեք պահարանում, զգեստապահարանում, մի խոսքով` ցանկացած վայրում, որտեղ տհաճ հոտերի կուտակում եք զգում: Սա նաև արդյունավետ միջոց է՝ սառնարանի տհաճ հոտից ազատվելու համար: Հին կոշիկների մեջ ներծծված տհաճ հոտից ևս կարելի է ազատվել սուրճի օգնությամբ: Սկզբում պետք է մրուրը չորացնել, հետո պարկով դնել կամ ուղղակի լցնել կոշիկի մեջ: Մի քանի օրից հետո կոշիկից մրուրը թափ տվեք:

Սուրճի մրուրը հրաշալի պարարտանյութ է: Այն ոչ միայն բերքատվությունն է բարձրացնում, այլև պտուղներն ավելի խոշոր դարձնում, իր հոտով պայքարում վնասակար միջատների դեմ:
Շատերն են սուրճն օգտագործում խմորեղենի և աղանդերի բաղադրության մեջ: Բայց քչերը գիտեն, որ սուրճի մեջ կարելի է նախապես թրջել նաև միսը, որպեսզի այն ավելի փափկի ու նուրբ համ ստանա:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել