Լրահոսումս ակտիվ քննարկվում է այսպես կոչված ավետարանական եկեղեցու աղանդ լինել-չլինելը, ու արդյո՞ք այդ կազմակերպությունը ՀԱԵ քույր կամ միգուցե հորքուրի աղջիկ է գալիս, թե ոչ։
Միանգամից ասեմ՝ այո՛, աղանդ է, ավելին՝ հերձվածություն է (ересь) ու ՀԱԵ-ին ոչ մի բան չի գալիս և չի կարող գալ։
Ուրեմն բացատրեմ։ Նախ՝ ասեմ, որ հանրության շրջանում տարածված կարծիքը, թե եթե որևէ կառույցում Աստվածաշունչ են կարդում, ուրեմն դա քրիստոնեական եկեղեցի է, սխալ է և տգիտություն։
Ընդհանրապես, որպեսզի որևէ բան լինի քրիստոնեական եկեղեցի, այն պիտի ՄԻԱԺԱՄԱՆԱԿ օժտված լինի 3 հատկությամբ։ Այն պիտի լինի․
1․ Ուղղափառ,
2․ Առաքելական,
3․ Կաֆոլիկ (կաթոլիկ)։
Ինչպես դժվար չէ նկատել, քրիստոնեական եկեղեցիները սովորաբար հենց այս երեք հատկություններից մեկն են ընտրում որպես իրենց ինքնանվանում։ Հատուկ ընդգծեմ, որ ինքնանվանումը չի բացառում մյուս հատկությունները։ Դիցուք՝ ՀԱԵ-ն ոչ միայն առաքելական է, այլև կաթոլիկ ու ուղղափառ։
1․ Ուղղափառ լինելը նշանակում է, որ տվյալ եկեղեցին հետևում է Տիեզերական 3 ժողովների որոշումներին ու դրանցում սահմանված հավատո հանգանակին։
Ընդ որում, «տիեզերական» կոչվող հետագա ժողովները փաստացի այդպիսին չեն եղել, քանի որ դրանց մասնակցել են միայն հռոմեա-բյուզանդական եկեղեցիները։
2․ Առաքելական լինելը նշանակում է, որ եկեղեցին ունի առաքելական ժառանգականություն։ Այսինքն՝ կա՛մ անմիջապես հիմնվել է առաքյալների կողմից, կա՛մ այդ եկեղեցու հիմնադիրներն օծման կարգով հանդիսացել են առաքյալների իրավահաջորդները։ Օրինակ՝ Հայ առաքելական եկեղեցին, այսինքն՝ Հայաստանի եպիսկոպոսի աթոռը, հիմնվել է Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների կողմից (ոչ թե Գրիգոր Լուսավորչի)։
3․ Եկեղեցու կաֆոլիկ (կաթոլիկ) լինելը այս հատկություններից ամենավերացականն ու դժվարըմբռնելին է, հատկապես ոչ հավատացյալ մարդկանց համար։ Եթե կարճ՝ այն նշանակում է, որ եկեղեցին ու հավասարապես նրա յուրաքանչյուր մասը միասնական է, տիեզերական, լիարժեք, ու դրանում աստվածային շնորհքն ու օրհնությունն առկա են՝ անկախ վայրից և ժամանակից։ Որ, ավելի պարզ եթե կուզեք, կենցաղային օրինակի վրա բացատրելու լինեմ, ապա կաֆոլիկությունից է բխում, օրինակ, որ մի քրիստոնեական եկեղեցուց մյուսն անցնողին չի կարելի կրկին մկրտել։ Ճիշտ ծեսն այդ դեպքում այն է, որ հավատացյալը հրաժարվում է այն բաներից, որն ընդունող եկեղեցին նախկին եկեղեցու մոտ համարում է մոլորություն (այդպես է վարվում, օրինակ, ՀԱԵ-ն)։
Ընդ որում, այս հատկություններից գոնե մեկի բացառումը բացառում է նաև մյուսները։ Օրինակ՝ առաքելական ժառանգականության կորուստը նշանակում է, որ տվյալ եկեղեցում մկրտելու (ու առհասարակ, որևէ խորհուրդ կատարելու) իրավասություն չկա, և հետևաբար, այդ եկեղեցում չկա աստվածային շնորհք։ Բացի այդ՝ Հավատո հանգանակն ուղիղ նշում է, որ եկեղեցին առաքելական է։ Եվ հետևաբար առաքելական ժառանգականության կորստի դեպքում եկեղեցին դադարում է լինել ուղղափառ, քանի որ հակասում է Հավատո հանգանակին։
Հիմա։ Երբ որ մենք նայում ենք բողոքական ամենատարբեր հոսանքներին, ապա նույնիսկ եթե դժվարանանք մատնանշել, թե դավանաբանական առումով ինչում են սխալվում, միշտ ակնհայտ է, որ դրանցից որևէ մեկում առաքելական ժառանգականության մասին խոսք չկա։ Շատերն ընդհանրապես դոգմատիկ մակարդակով են ժխտում օծումն ու ձեռնադրությունը։
Եվ հետևաբար դրանք ամեն ինչ են, բայց ոչ քրիստոնեական եկեղեցի։ Միգուցե շատ լավն են, պուպուշ են, բարի են ևն, ևն, ու առհասարակ հիանալի անձնավորություններ են, բայց, կներեք, քրիստոնյա չեն։ Ու քրիստոնեական եկեղեցիները դրանց հետ կարող են ունենալ վարչական ու քաղաքական շփումներ, բայց ոչ երբեք դավանական շփում։