Հայ առաքելական եկեղեցու պատմության «տարրալուծումը» Հայոց պատմություն առարկայի մեջ պետք է դիտարկել նոր իշխանության կողմից հայագիտական առարկանների նկատմամբ կիրառված «խաչակրանց արշավանքի» քաղաքականության տրամաբանության մեջ: Այդ քաղաքականությունը հրահրված է, քաջալերված է, գուցեև պարտադրված է մեծապետական ուժերի կողմից՝ լինեն նրանք արևմուտքում, արևելքում, հարավում, թե հյուսիսում ժողովուրդներին բիոզանգվածի վերածելու, գաղութացնելու, հեշտ կառավարելի դարձնելու մղումներով:

Ազգային ինքնագիտակցության բարձր մակարդակը, որն ապահովելուն կոչված են նաև հայագիտական առարկաները, կարող են խոչընդոտ հանդիսանալ իրենց ծրագրերի համար: Հայագիտական առարկաները նաև միջոց են, որպեսզի հայերը չտրվեն և չտարվեն ազգային սնապարծության կեղծ գաղափարներով, ինչը նույնպես կործանարար է ազգային առողջ օրգանիզմի համար: Հայ առաքելական եկեղեցին բռնադատման զոհ է եղել մի կողմից Օսմանյան կայսրությունում նրա գրեթե ամբողջական ոչնչացումով, մյուս կողմից՝ մասամբ Ռուսական կայսրությունում, իսկ այնուհետև՝ Սովետական միությունում նրա գրեթե արգելված և կամ ձևական գոյավիճակով:
Հայաստանի Հանրապետությունը նաև իր Սահմանադրությամբ պարտավորություններ ունի բռնադատված այդ կառույցի նկատմամբ:

Այդ առարկայի լիարժեք և ճիշտ մեթոդաբանությամբ դասավանդումը մի կողմից կարող է սպասարկել հայագիտական խնդիրներ, մյուս կողմից երեխաներին հետագայում զերծ պահել կրոնական ֆանատիզմի և սնոտիապաշտության ճիրաներից, որով լեցուն է մերօրյա աշխարհը և հատկապես մեր տարածաշրջանը:

Հանրակրթությունը պետք է կարողանա ապահովել մարդուն բնագիտական և հումանիտար գիտելիքներով: Այդ բալանսի խախտումը հղի է պետության և հասարակության համար կործանարար հետևանքներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել