Pastinfo.am-ը գրում է․

Արտակարգ իրավիճակի հիմքով պայմանավորված հանրային բաց և փակ տարածքներում դիմակ կրելու պահանջը խախտելու համար սահմանված տուգանքը բարձրացնելու իշխող ուժի մշակած օրինագիծը ԱԺ նիստերի օրակարգ չի մտնի։ 

Նշենք, որ երեկ տեղեկատվություն տարածվեց, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծ է մշակել, որով առաջարկվում էր հանրային բաց տարածքում դիմակ կրելու պահանջները խախտելու դեպքում տուգանքը դարձնել 20 հազար դրամ, իսկ հանրային փակ տարածքներում, ինչպես նաև տրանսպորտային միջոցներում և աշխատավայրում դիմակ կրելու պահանջները խախտելու դեպքում տուգանքը դարձնել 50 հազար դրամ։

«Փաստինֆո»-ն կապ հաստատեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ, ով ընդգծեց, որ ինքը ևս լրատվամիջոցներից է իմացել այդ մասին. «Չեմ կարծում, որ դա կյանքի կկոչվի՝ ոչ միայն սոցիալական, այլև մի շարք հանգամանքներից ելնելով»,-ասաց պատգամավորը։

«Իմ քայլ»-ական պատգամավոր Նազելի Բաղդասարյանն էլ «Փաստինֆո»-ին ասաց, որ նախագիծը վաղվա արտահերթ նիստում չի լինի. «Հաստատ չգիտեմ շրջանառությունից դուրս է եկել, թե ոչ, բայց լիագումար չի մտնի»,-ասաց Նազելի Բաղդասարյանը։

«Փաստինֆո»-ն փորձեց օրինագիծը գտնել ԱԺ կայքում, բայց ապարդյուն, այն ներառված չէր ԱԺ նիստերի օրակարգում չընդգրկված նախագծերի բաժնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել