Աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ երկրներ, որոնց բնակիչներն այնքան էլ կողմ չեն զբոսաշրջիկներ ընդունել, կամ էլ պետություններ, որտեղ այցելելն ամենևին անվտանգ չէ: Ահա թե որ երկրներն են այս կերպ բնութագրվում:

Բութանի Թագավորությունը գտնվում է Հիմալայներում: Այն վաղուց սահմանափակումներ է մտցրել զբոսաշրջիկների համար՝ իր սահմաններ այցելելու: Գլխավոր պատճառը բնության պահպանությունն ու հուշարձանների անվտանգությունն ապահովելն է: Բութան այցելել հնարավոր է տեղի բնակչի հատուկ հրավերով, կամավորական գործունեություն իրականացնելու համար կամ սահմանափակված տուրերի շրջանակներում: Սակայն նման ճամփորդությունները ոչ միայն շատ թանկ են արժենում, այլև վտանգավոր են: Մեկ օր Թագավորությունում գտնվելու համար հարկավոր է վճարել 250 դոլար, իսկ զբոսաշրջիկի առողջությանը հասցված յուրաքանչյուր վնասի համար պետությունը պատասխանատվություն չի կրում:

Աֆրիկյան Անգոլան կարող էր դրախտ լինել յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար, քանի որ ունի յուրօրինակ բնական լանդշաֆտեր, ելք դեպի օվկիանոս, աֆրիկյան վայրի աշխարհ: Սակայն երկրում տիրող աղքատությունն անգամ ամենաբարի ու խաղաղասեր բնակիչներին ստիպում է զբաղվել հափշտակություններով ու ավազակությամբ: Համեմատաբար անվտանգ վայր է համարվում Լուանդա մայրաքաղաքը, սակայն այնտեղ էլ պատշաճ բժշկությունն է բացակայում: Անգոլայում հայտնվելու համար յուրաքանչյուր զբոսաշրջիկ, բացի վիզայից, պետք է ունենա նաև պատվաստման միջազգային հավաստագիր, իսկ վիզային սպասելը շատ երկար է տևում:

Պակիստանը, որի բնությունը հիացնում է յուրաքանչյուրին, այնքան էլ բարենպաստ հանգստի վայր չէ զբոսաշրջիկների համար: Դեպի այս երկիր զբոսաշրջային տուրեր չի առաջարկում ոչ մի տուրիստական գործակալություն: Իսկ զբոսաշրջիկներն ինքնուրույն Պակիստան չեն այցելում՝ վախենալով սեփական կյանքի ու անվտանգության համար, քանի որ այնտեղ չափազանց հաճախ են տեղի ունենում ռազմական բախումներ:

Հյուսիսային Կորեան համարվում է աշխարհի ամենափակ պետություններից մեկը, որում մինչ օրս գործում են կոմունիզմին բնորոշ սահմանափակումներ: Այնտեղ հնարավոր է հայտնվել միայն հենց կորեական կազմակերպություններով, որոնք զբաղվում են զբոսաշրջիկներին հավաքելով: Պետության տարածքում շրջել թույլատրվում է բացառապես գիդերի ուղեկցությամբ և հստակ սահմանված երթուղով: Կանոնները խախտելու համար զբոսաշրջիկը կարող է հայտնվել հատուկ ճամբարներում կամ բանտում:

Թվում է՝ ճանապարհրդություների սիրահարների համար չկա ոչ մի սահմանափակում. հարկավոր է միայն նստել ինքնաթիռ և ուղևորվել ցանկալի երկիր, սակայն, ինչպես արդեն նկատեցիք, ոչ բոլոր պետություններն են ուրախ՝ ընդունելու զբոսաշրջիկների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել