Սրբապատկերը որպես քրիստոնեական հոգևոր մշակույթի և գեղարվեստական մտածողության արգասիք՝ զարգացել է պաշտամունքի կանոնին զուգընթաց՝ համապատասխանելով վարդապետական և դավանաբանական ձևակերպումներին։ Հայ եկեղեցում սրբապատկերը առաջին հերթին այն գեղանկարներն են, որոնք պատկերում են մեր Տիրոջը՝ Հիսուս Քրիստոին, Աստվածամորը և սրբերին: Այս սրբապատկերները զարդարում են ս. Սեղանը, եկեղեցու դասի, տաճարի և գավթի որմերն ու սյուները։ Այդ սրբապատկերների առաջ մենք սովորաբար մոմ ենք վառում ևաղոթում։
Համաձայն Եկեղեցու սրբազան ավանդության առաջին սրբապատկերներն են Հիսուսի Դաստառակը և Աստվածամոր պատկերը և խորհրդանշական է, որ այս երկ նվիրական պատկերները ժամանակին պատկանել են Հայ եկեղեցուն։ Խիստ կարևոր է սրբապատկերի խրատական դերը. այն զգաստության և ապաշխարության կոչ է՝ ուղղված մեզ։ Սրբապատկերը Եկեղեցու և եկեղեցական ծիսակարգի անբաժանելի մասն է։ Նա կարևորագույնն է պաշտամունքի ընթացքում օգտագործվող բոլոր ծիսական առարկաների մեջ, քանի որ սրբապատկերի գոյաբանական հիմքում ընկած է Հիսուս Քրիստոսի գերբնական մարմնավորման անճառելի իրողությունը։
Աստված Հոգի է, այսինքն՝ Նրան անհնար է նկարագրել, բայց երբ Նա մարմին է առնում, վերցնում և Իրեն է միացնում մարդկային բնությունը, որով ձեռք է բերում նաև նյութական կերպար, հնարավոր է դառնում Նրան պատկերել։ Այսինքն՝ հոգևոր էությունն արտահայտվում է զգայական կերպարի մեջ և միջոցով։ Տեսնելով պատկերը՝ մենք մտովի դիմում ենք պատկերվածին։ Երբ աղոթում ենք սրբապատկերի առջև, պետք է հստակ գիտակցենք, որ մեր աղոթքը ուղղված է ոչ թե պատկերին, այլ այն անձին, ով առկա է պատկերի վրա։
Ի սկզբանե Հայ եկեղեցին եղել է պատկերահարգ։ Ամեն մի սրբապատկեր գործածելի է դառնում եկեղեցում միայն հատուկ կարգով օրհնվելուց ու օծվելուց հետո։
12-րդ դարում Հովհաննես Սարկավագ Վարդապետը բանաձևել է Հայ Եկեղեցու ուսմունքը սրբապատկերի վերաբերյալ հետևյալ կերպ. «Սրբապատկերները օգնում են հավատացյալներին մերձենալու Աստծուն»: Քրիստոսի պատկերի առջև պետք է խոնարհվել. խոնարհումը, սակայն, ուղղված է ոչ թե սրբապատկերի նյութին, այլ Նույն Ինքն Քրիստոսին: Աստվածածնի և սուրբերի պատկերների առջև նույնպես պետք է խոնարհվել, սակայն այս խոնարհումը ոչ թե Աստվածածնին ու սուրբերին է ուղղված, այլ Քրիստոսին, քանի որ Աստվածամայրը և սուրբերը միայն միջնորդ կարող են լինել մեզ համար Քրիստոսի առջև: