Երկրում, մասնավորապես մայրաքաղաքում, մոլեգնում է հասարակական տրանսպորտի թանկացումների դեմ բողոքի ալիքները, իսկ վարչապետը այցելում է Հանքավանի ճամբարներ` հետաքրքրվելու համար այնտեղ հանգստացող երեխաների առօրյայով: իհարկե, լավ է, որ վարչապետին այդ երեխաների հանգստի պայմանները հետաքրքրում են, սակայն ավելի լավ կլիներ, եթե նա մտահոգվեր, թե այդ երեխաները ինչպես են դպրոցներ հասնելու` նոր սակագների պայմաններում: Եվ ընդհանրապես, այս ինչ օլիմպիական հանդարտություն է ծավալվող բողոքի ակցիաների նկատմամբ` ամբողջ իշխող վերնախավը իրենց աշխատասենյակները շրջափակել է ոստիկանական շղթաներով և մեկնել "գուլյատի"` ասես տրանսպորտի ուղեվարձերը թանկացնելու հետ ոչ մի կապ չունեն, ասես իրենց նախընտրական խոստումներում սակագները չփոխելու մասին խոսք չի եղել, ասես այդ ամենը կատարվում է մի ուրիշ Հայաստանում, մի Հայաստանում, որից իրենք իրենց օֆշորյան հաշիվների պես բեխաբար են...

Ասես հաճույք են ստանում տխուր տեսարանից` դիտելով իրենց իրավունքները հրաշալի իմացող, հպարտ երիտասարդների և այս ամենից խեղճացած, հրամանի և մարդկային խղճի միջև ճզմված ոստիկանների փոխադարձ քլնգոցը: Ոչ մի հայտարարություն, ոչ մի ադեկվատ վերաբերմունք, ոչ մի ձայն-ծպտուն: Հայաստանը նրանց համար գրավիչ է որպես մեծ խորտկարան` լավ բնությամբ և տնական արաղով, իսկ մարդը, քաղաքացին, նրանց պետք է միայն արաղ քաշելու և խորոված անելու համար: Մնացածը երկրորդական է: Պատուհանների հետևից հետևելով` փորձում են սանձել հիանալի քաղաքացիներին` մոռանալով, որ նման հասարակական ակտիվի բացակայության հետևանքով կոտրվում է ժողովրդի ողնաշարը` նրան վերածելով անտեր, ինքն իր գոյությունից զզվող ցեղախմբի: Այս անգամ, կարծես, հասարակության առողջ հատվածի իմունիտետը ավելի բարձր է... 

Իսկ ոմանց համար այս ակցիաները խորը շունչ քաշելու հիանալի առիթ էր, վերջապես կարելի է "պոլնի բաք" լցնել բենթլիները և ամենքից մոռացված, գրեթե օդերում վայելել սանիկական ծագման նյութական բարիքները...
Ամեն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել