Ամեն անգամ, երբ հայերը անում են հեղափոխություն, վատ վիճակից հայտնվում են աղետի մեջ։ Այդպես եղավ, երբ հայ հեղափոխականները Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի հետ միասին իրականացրին հեղափոխություն՝ իշխանության բերելով վերջիններիս։ Իհարկե, Օսմանյան կայսրությունում հայերի վիճակը շատ վատ էր, բայց եղեռնից խուսափելու հատուկենտ հնարավորություններից մեկը կարող էր լինել Օսմանյան կայսրության գաղափարի պաշտպանումը, այդ թվում՝ և ընդդեմ թուրք ազգայնականների։ Այն պահին, երբ ընդդեմ կայսրության մոդելի հայերը օգնեցին, որ իշխանության գան թուրք ազգայնականները, միացվեց եղեռնի ժամացույցը։
Իհարկե, կայսրությունները իրենք էլ ընդունակ են կոտորել, բայց սեփական հպատակների իսպառ բնաջնջումը չի մտնում կայսերական գաղափարի մեջ, դա հենց կայսրության գաղափարի բացառումն է՝ հօգուտ մոնոէթնիկության։ 2018 թվականի այսպես կոչված հեղափոխության ուղղություններից մեկն էլ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության փորձն է, այսինքն՝ այն պահին, երբ աշխարհի նոր վերաբաժանումների արդյունքում Արևմուտքը թողնում է մի շարք կետեր, այդ թվում՝ և այս տարածաշրջանը, հայ ազգը իշխանության տվեց այն խմբին, որի կյանքի նպատակն այս տարածաշրջանից Ռուսաստանին վտարում է մի կողմից, իսկ մյուս կողմից՝ շիիթական մահիկի ուղղություններից մեկի խափանումը։ Ու դա փորձ է կատարվում անել այն ժամանակահատվածում, երբ Ռուսաստանն ու Իրանը գտնվում են եթե ոչ իրենց հզորության գագաթնակետին, ապա դրան մոտ, իսկ մենք գտնվում ենք ծայրահեղ անկման փուլում ու չունենք ոչ մի արտաքին լուրջ աջակցություն։
Առավել ևս, որ այս թիմի արտաքին հովանավորների նպատակը ոչ թե ողջ հայ ազգին իրենց հովանավորության տակ վերցնելն է և հայ էթնոսի անվտանգության խնդիրների լուծումնը, այլ ընդամենը հայերի մսի հաշվին Ռուսաստանի և Իրանի դեմ խառնակչական գործողությունների հրահրումն է։ Թե ինչով այս ամենը կարող է ավարտվել, բարդ չէ կանխատեսելը՝ համազգային աղետով, որից խուսափելու միակ միջոցը՝ իշխանությունից հեռացնել այն անձանց, ովքեր դիտավորյալ կամ էլ թե իրենց անգրագիտությունից ելնելով լծվել են այս գործին։ Մենք իրավունք չունենք փլուզելու այս տարածաշրջանում ձևավորված ուժերի հավասարակշռությունը, որի արդյունքում ապահովվում է նաև մեր անվտանգությունը, այլ պարագայում կարող ենք մնալ դրա փլատակների տակ, ոնց որ 100 տարի առաջ, փլուզելով Օսմանյան կայսերական մոդելի արդյունքում ձևավորված հավասարկշռությունը, ազգովի մնացինք այդ կայսրության փլատակների տակ․․․»: