Tert.am-ը գրում է․

Ոստիկաններն այսօր «Արմնյուզ» հյուր էին եկել: Հասցեատերը՝ ես էի: Եկել էին վարչական վարույթ հարուցելու, որ դիմակ չեմ դնում իմ հաղորդումների ժամանակ: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթացքում ասել է մեկնաբան Աբրահամ Գասպարյանը:

«Այս ընթացքում աշխատանքից հետ ընկանք, որովհետև փորձում էինք հակափաստարկել, ներկայացվող պատրվակներին պատասխանել մեր երկրի պետական մարմինների ցուցումներով ու որոշումներով…չստացվեց, կամ՝ չուզեցին: Երևում էր՝ լավ ուսումնասիրել-պրպտել էին՝ քանի հաղորդում եմ վարել առանց դիմակի:

Վարչական վարույթի տակ չստորագրեցինք, բայց համաձայնեցինք գնալ Ոստիկանություն՝ հենց կանչեն և մեր հիմնավորումները ներկայացնենք»,- մանրամասնել է Գասպարյանը։

Գասպարյանի դիտարկմամբ՝ միամիտները միայն կհավատան, որ ոստիկանները եկել  էին դիմակ չդնելու համար: «Եթե իշխանությունը սրանով նախազգուշական կրակոց է անում, կամ օդ է կրակում, ուրեմն սխալ է մտածում: Եթե փորձում եք ստուգել՝ կսադրենք կամ կթեժացնենք, դրոշակ կդարձնենք, սխալվում եք: Ես իմ երկիրը շատ եմ սիրում, ավելի քան որևէ մեկդ կարող եք պատկերացնել: Այդ սերը պլատոնական չէ, կոնկրետ է, դրսևորվում է պետականապաշտությամբ, օրենք հարգելով, իրավատեր լինելով: Ես խնդիր չունեմ ձեր մտքի թռիչքի կամ փայլատակումների հետ, նորմալ եմ տանում, ճիշտ է՝ վարվող քաղաքականությունը չեմ ընդունում, վերապահումներ ունեմ որպես քաղաքացի, քննադատում եմ՝ որպես մասնագետ, սազանդարություն չեմ անում, ձեր և նախկին իշխանությունների նկատմամբ դիրքորոշումս հայտնում եմ բաց, կեցվածք ցուցաբերում հնարավորինս զուսպ ու արհեստավարժ, առանց վիրավորանքի, հայհոյելու, ֆեյքեր բուծելու ու անդաստիարակ պահվածքի… ակնկալում եմ, որ դուք նույնպես այս դաշտում կխաղաք: Ես լավ գիտեմ ինչ եմ խոսում եթերում…իմ տեքստերը ես եմ գրում՝ ինչպես միշտ, սա իմ ձեռագիրն է, իմ մասնագիտական աշխատանքը, սա մամուլի ազատության դաշտն է, որտեղ պետք է շատ զգույշ լինեք: Չստացվի այնպես, որ մի քանի տարի անց ասեն, որ նախկին լրագրող, գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին՝ մամուլի նկատմամբ նման քայլեր են կատարվել: Ամոթ է: Մարտի 16-ին, երբ Արտակարգ դրություն մտավ երկրում, ուղիղ եթերում էինք։ Այդ օրվանից սկսած՝ որպես օրինապահ քաղաքացիների միավորում ու ղեկավարություն՝ Արմնյուզը կատարել է Պարետատան որոշումներն անխտիր»,- նշել է նա և հավելել, որ երբ աշխարհում ընդամենը մի քանի լրատվամիջոց էր անցել հեռավար եթերացանցի ապահովման, հայաստանյան իրականությունում «Արմնյուզը» դարձավ առաջինը, իր հաղորդումը՝ ամենաառաջինը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել