1in.am-ը գրում է.

Այսօր կեսօրին մինչ երիտասարդ ակտիվիստները բողոքի ակցիա էին անում քաղաքապետարանի դիմաց, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը Օպերայի շրջակայքում գտնվող այգում հանդիպել էր երթուղայինները սպասարկողների՝ «գծատերերի» հետ։ Այս մասին հայտնում է«Ազատություն» ռադիոկայանը:

«Տարբեր քաղաքացիներ, գիծ սպասարկողներ են։ Ամեն մեկը եկել է իր երթուղուն, իր ունեցվածքին տեր կանգնի, որպեսզի չկոտրեն ապակիները։ Երեկ Նորքի զանգվածում դռան վրա ուզեցել են փչել «Ուղեվարձը 100 դրամ», վիճաբանության մեջ են մտել վարորդի հետ, վարորդը ուզեցել է քշի, գնա, խփել են, ապակին կոտրել են։ Ո՞վ է դրա փողը վճարելու։ Ամեն մեկը փող է դրել, ներդրում է արել, և այսօր պարտավոր է իր վարորդին, որին քաշքշում, երբեմն ծեծում են, և իր տրանսպորտային միջոցին տեր կանգնել»,- ասել է Նավասարդյանը։

Զրույցին միացել է «Արարատ» ամսագրի խմբագիր Ալեն Սիմոնյանը, ով մի խումբ այլ քաղաքացիների, հիմնականում շոուբիզնեսի ներկայացուցիչների և լրագրողների հետ սեփական մեքենաներով մարդկանց անվճար տեղափոխում է տարբեր ուղղություններով, այս կերպ արտահայտելով բողոքն ու անհամաձայնությունը հանրային տրանսպորտի թանկացման վերաբերյալ։ «Չեք պատրաստվո՞ւմ բան փոխել, հին սակագները վերադարձնել»,- հարցրեց նա։

«Սակագները փոխելու տարբերակը պետք է ուսումնասիրվի։ Այն, ինչ արվել է, հիմնավորված է արվել։ Եթե որևէ մեկը կապացուցի, որ դա հիմնավոր չէ, այն ժամանակ կքննարկենք։ Եթե գները իջեցնելու տարբերակ լիներ, այդքան չէր բարձրացվի։ Մենք աշխատել ենք տեղավորվել օպտիմալ, մինիմալ հաշվարկի մեջ։ Ես հետագա ընթացքի մասին չեմ կարող մեկնաբանել»,- ասել է տրանսպորտի վարչության պետը։

Շարքային քաղաքացիներն էլ շեշտում էին, որ գները բարձրացել են, սակայն սպասարկման որակը չի բարձրացել և իրենք ստիպված են կռացած, գերծանրաբեռնված երթուղայիններում երևթեկել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել