Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման արձանագրված 8 դեպքերից վեցը միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող վարորդներ են: Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժական գծով տնօրեն Մարինա Էզուգբայան:

«Ութ հիվանդներից մեկը հաստատված դեպքի հետ շփում ունեցած անձ է: Մյուս բոլորը բերովի դեպքեր են: Նրանցից վեցը բեռնափոխադրող մեքենաների վարորդներ են, մեկը՝ սովորական քաղաքացի»,- ասել է Էզուգբայան:

Նշվում է, որ վարակված վարորդներից երկուսը Ադրբեջանի քաղաքացիներ են, մեկը՝ Բելառուսի: Նրանց բարձր ջերմությամբ հիվանդանոց էին տեղափոխել սահմանը հատելիս, այնուհետև արագ թեստի արդյունքում բացահայտվել է վիրուսի առկայությունը:

Վրաստանում գործող կանոնակարգի համաձայն՝ Վրաստան մտնող բոլոր վարորդներին ստուգում են արագ թեստերի օգնությամբ: Դրական արդյունքի դեպքում նրանց հոսպիտալացնում են և իրականացվում է ՊՇՌ հետազոտություն (պոլիմերազային շղթայական ռեակցիա):

Ընդհանուր առմամբ, փետրվարի 26-ից մինչ օրս Վրաստանում լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 939 դեպք, որոնցից 15-ը՝ մահվան ելքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել