ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի, այսօր՝ հուլիսի 2-ին, քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով իր պաշտպանների եւ ՀՀ դատախազության բողոքները։

Դատախազությունը բողոքարկել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Վերաքննիչ դատարանից պահանջելով բեկանել այն եւ կալանավորել Ծառուկյանին։

Ծառուկյանի պաշտպաններն էլ երկու բողոք են ներկայացրել, որից մեկը վերաբերում է հիմնավոր կասկածին։ Պաշտպանական թիմը գտնում է, որ դատարանին որեւէ ապացույց չկա ներկայացված, որը կհիմնավորի, որ Ծառուկյանն առնչություն ունի այդ քրեական գործի հետ։

Երկրորդ բողոքն էլ վերաբերում է վարույթի օրինականությանը, որ, ըստ պաշտպանների, ի սկզբանե այդ քրեական գործը պետք է քննվեր Հատուկ քննչական ծառայությունում, այլ  ոչ թե Ազգային անվտանգության ծառայությունում։

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը չի ներկայանալու դատարան, քանի որ վարակված է կորոնավիրուսային հիվանդությամբ։ Նրա պաշտպաններից Էմին Խաչատրյանը երեկ NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ Ծառուկյանն ունի նաեւ ջերմություն, ստանում է բուժում։ Նա նաեւ հայտնել էր, որ դատարանին պատրաստվում են ներկայացնել Ծառուկյանին վերաբերող բժշկական թղթեր, որպեսզի դատարանը նրա բացակայությունը հարգելի համարի։

Նշենք, որ կորոնավիրուսային հիվանդությամբ է վարակվել նաեւ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Նա իրեն առաջարված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է ապօրինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել