Երեկ սկսված բնիկ երևանցիների ֆլեշմոբը ցույց է տալիս գույքահարկի դեմ թանկացման դեմ մեր քաղաքացիների դժգոհությունը: Մի քանի անգամ հարցազրույցներումս մանրամասն անդրադարձել եմ այդ հարցին, դրա թե՛ կիրառման ժամանակին, թե՛ ձևի աբսուրդայնությանը:

Բազմաթիվ համաքաղաքացիներիս համար անհասկանալի է, թե ինչ կապ ունի գույքահարկի թանկացումը բնիկ երևանցի լինելու հետ: Կարծում եմ՝ բոլորի համար արդեն պարզ է, որ ամենաշատը թանկանալու են Երևանի կենտրոնի բնակարանները: Իսկ քանի որ իշխանությունները մի թեզ էին շրջանառում, թե ով է ասել, որ կենտրոնում ապրողը, եթե չի կարողանում վճարել իր թանկ գույքի հարկը, պիտի ապրի կենտրոնում, և առաջարկում էին այդ գույքը վաճառել ու գնալ ծայրամասերում ավելի մատչելի բնակարան ձեռք բերել:

Բայց այդ թեզը շրջանառողները դեռ չեն ասել՝ իսկ եթե ծայրամասում էլ է թանկացած գույքահարկը մեծ բեռ լինելու քաղաքացու համար, այդժամ ո՞ւր գնան, երկրից գնա՞ն, թե՞ վարձով ապրեն, այսինքն՝ մարդկանց փողի խաթր տեղահան են անում:

Ու այս խնդիրը վերաբերվում է բոլոր բնակավայրերին: Այս դժգոհությունը կա նաև բնիկ վանաձորցիների, գյումրեցիների, ջերմուկցիների ու, ընդհանրապես, մեր պետության բոլոր քաղաքացիների մոտ: Ուղղակի ամենածանր հարվածը ստանալու են Երևանի կենտրոնում բնակվող մեր հայրենակիցները:

Հ.Գ. Հա, մեկ էլ խոսքս այս իշխանությանը․ կարո՞ղ է շնորհակալություն եք ակնկալում, որ անցյալ տարի կադաստրային արժեքի գնահատման օրենքով թանկացրիք մի 25-30 անգամ, իսկ հիմա այս օրենքով թանկացումը դառնում է 8-15 անգամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել