Ermenihaber.am-ը գրում է․

Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը CNN-ի թուրքական ծառայության ուղիղ եթերում անդրադարձել է Լիբիայում տիրող իրավիճակին, այդ երկրում Թուրքիայի գործողությունների շուրջ վերջերս կատարված քննադատական հայտարարություններին և կոշտ արձագանքներին։

Քալընը պնդել է, թե «ոչ մի երկիր երբեք չի կարող առանց Թուրքիայի խաղ խաղալ»։

Քալընը հորդորել է Լիբիայի ազգային բանակի հրամանատար, գեներալ Խալիֆա Հաֆթարին և իր ուժերին՝ դուրս գալ լիբիական Սիրտե և Ջուֆրա շրջաններից։ Նա նշել է, որ Լիբիայում հրադադարի հաստատման համար դերակատարները պետք է վերադառնան 2015թ․ համաձայնագրին։

«Այժմ Ռուսաստանը աջակցում է Հաֆթարին։ Մենք շարունակելու ենք նրանց հայտնել մեր տարակարծության մասին։ Սկզբում ԱՄՆ-ն էր աջակցում Հաֆթարին, այնուհետև, երբ Հաֆթարը մերձեցավ Ռուսաստանին, ԱՄՆ-ը հրաժարվեց աջակցել։ ԱՄՆ-ը խուսափում է որոշիչ դեր խաղալուց»,-ասել է խոսնակը։

Քալընըի խոսքով՝ Լիբիայում հրադադարի հաստատման համար Թուրքիան կապի մեջ է բոլոր երկրների հետ։

«Դուք, որ փորձում եք Թուրքիային դուրս թողնել (խաղից-խմբ․), պետք է հասկանաք, որ առանց Թուրքիայի որևէ ծրագիր չեք կարող կազմել։ Երբեք առանց Թուրքիայի ոչ ոք չի կարող խաղ խաղալ։ Անհրաժեշտ պատասխանը կստանան»,-պնդել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել