168.am-ը գրում է․

«Ադրբեջանին ներկա պահին ձեռնտու չէ պատերազմ սկսելը»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջին միտումներին։

Հիշեցնենք, որ  ՀՀ ԱԺ-ում Կառավարության հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանը՝ կրկին նշել է․

«Իմ կոչն Ադրբեջանի նախագահին մնում է նույնը՝ կառուցողական մոտեցում ցուցաբերել և, ի վերջո, հրապարակային համաձայնել իմ առաջարկած բանաձևի հետ, այն է՝ Արցախի հարցի որևէ կարգավորում պետք է ընդունելի լինի Արցախի ժողովրդի, Հայաստանի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար, որովհետև ուրիշ բանաձև չկա»։

ՀՀ վարչապետը նաև  հայտարարել է, որ ինքը երբեք չի խորշել անմիջապես Ադրբեջանի ժողովրդին դիմելուց: Նա չի բացառել, որ, եթե Ալիևի հետ երկխոսությունը, ի վերջո, չստացվի, ինքը կխոսի Ադրբեջանի ժողովրդի հետ:

Ստանիսլավ Տարասովի տպավորությամբ՝ Փաշինյանն ու Ալիևը գործընկերներ են, և նրա որակմամբ՝ նրանք շատ ընդհանուր բաներ ունեն։

«Երբ Փաշինյանը եկավ իշխանության, և երկրում սկսվեցին տրանսֆորմացիաներ, իշխանությունը թուլացած էր, այդ շրջանում Ալիևը կարող էր պատերազմ սկսել, և նա կարող էր 2-3 շրջան հեշտությամբ վերցնել, եթե ոչ՝ ողջ Ստեփանակերտը։ Ալիևը պաուզա վերցրեց և աջակցեց Փաշինյանին, մինչ սարգսյանական կառույցները փլուզվում էին, նա չփորձեց խանգարել Փաշինյանին։ Նրանք պայմանավորվել էին, այո՛, դա աչք է ծակում։ Փաշինյանը  երբեք հակաալիևյան հայտարարություններ չի անում, ես նկատեցի միայն, որ նորընտիր Արայիկ Հարությունյանը անձնապես կտրուկ արտահայտվեց Ալիևի հասցեին՝ ասելով․«Չհամարձակվեք մեզ սպառնալ»։

Իսկ Փաշինյանը նման բաներ չի ասում այն դեպքում, երբ ադրբեջանական կողմն ամեն օր  հայտարարում է, թե պատերազմ է պետք սկսել, իսկ Փաշինյանն ասում է, որ պետք է հաշվի առնել նաև Ադրբեջանի շահերը։ Լավ,  իսկ որո՞նք են իրականում Հայաստանի շահերը, դրանք ՀՀ վարչապետը չի նշում հստակ կերպով, Ղարաբաղի շահե՞րը, նա չի նշում նաև, թե որոնք են Ղարաբաղի շահերը, Ադրբեջանի շահե՞րը, և դրանք ինչպե՞ս է հնարավոր համադրել և վարել բանակցություններ՝ դրանց շուրջ»,- ասաց Տարասովը՝ մեկնաբանելով ԼՂ հակամարտության կարգավորման փաշինյանական բանաձևը։

Ալիևը, ռուս կովկասագետի խոսքով, կարծում է, որ իր համար վտանգավոր էին Ղարաբաղյան արմատներ ունեցող գործիչները, որոնք խիստ դիրքորոշում ունեին, իսկ փաշինյանական ստրուկտուրան ավելի փափուկ է։

Ինչ վերաբերում է ներկայիս իրավիճակին և կողմերի դիրքավորմանը, Տարասովն ասաց․ «Ալիևին ձեռնտու է, որ Փաշինյանը հեռավորություն է պահպանում Ռուսաստանից, այսինքն՝ արտաքինից ամեն ինչ լավ է, որոշ հայտարարություններ, շքերթների մասնակցություն, և այլն, և այլն, սակայն ակնհայտ է, որ կա հեռավորություն և խնդիրներ։ Սակայն դա ներկայումս ձեռնտու է Բաքվին։ Բաքվին նաև հարմար չէ ներկայումս պատերազմ սկսելը, քանի որ նրա համար չկան բարենպաստ պայմաններ դա անելու համար՝ Թուրքիան զբաղված է, ունի սեփական խնդիրները, չունի ռեսուրս Ադրբեջանին պատերազմում աջակցելու համար, Արևմուտքը՝ առավել ևս։ Բաքուն կարծում է, որ կարող է պատերազմ սկսել միայն այն դեպքում, երբ վստահ լինի, որ Ռուսաստանը չի աջակցի հայերին, իսկ Ռուսաստանը նման հիմքեր, իմ տպավորությամբ, չի տալիս Ադրբեջանին։ Ադրբեջանն այնուամենայնիվ սպասում է, որ Փաշինյանը շարունակի սխալներ անել Ռուսաստանի հետ հարաբերություններում, և Պուտինն արդեն ասի՝ ինչ ուզում է՝ թող լինի։ Այդ դեպքում Ադրբեջանը կսկսի ակտիվ քաղաքականություն։ Կա այս արտաքին, մակերեսային ու սուբյեկտիվ տպավորությունը Մոսկվայում, և այն սկսում է կայուն բնույթ ստանալ։ Ես չեմ ցանկանում ասել, որ ես բացարձակ ճիշտ եմ իմ այս գնահատականում, բայց մոսկովյան փորձագիտական հանրության շրջանում այս տպավորությունն ամրապնդվում է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել