Կանադայի Յանգ Սթրիթ կոչվող փողոցի բնակիչները, եթե ցանկանում են զբոսանքի գնալ, պետք է «զինվեն», քանի որ փողոցի մի ծայրից մյուսը հասնելու համար ստիպված են անցնել 2,000 կմ:
Յանգ Սթրիթը Տորոնտոյի կենտրոնական փողոցն է: Սկիզբ առնելով քաղաքի կենտրոնից՝ այն հատում է երկու լիճ՝ Օնտարիոն և Սիմկոն, և ավարտվում է ԱՄՆ Մինեսոտա նահանգի սահմանին մոտ:
Փողոցը կազմավորվել է հնդկացիների կողմից: Յուրաքանչյուր հարյուրամյակում այն լցվել է սրճարաններով, պանդոկներով և ռեստորաններով, առևտրային կենտրոններով և բենզալցակայաններով, տներով և հյուրանոցներով, ընդարձակվել է և զարգացել:

Փողոցի պաշտոնական երկարությունը եղել է 1,896 կմ միայն մինչև 1999 թվականը, քանի դեռ այդ տարածության մեջ ներառվում էր մայրուղին: Այսօր Յանգ Սթրիթ փողոցի պաշտոնական երկարությունը 56 կմ է, որը, ըստ էության, նույնպես շատ մեծ տարածություն է:
Կատարյալ հարթ ու ուղիղ փողոցը մոլորվելու հնարավորություն չի տալիս: Այն կարծես արտացոլանքը լինի կանադական ճանապարհաշինության՝ բացակայում են փակուղիները, իսկ ուղիղ հատվող գծերը մշտապես դուրս են բերում ցանկալի նշանակետ:

Հետաքրքրական է այն փաստը, որ կանադա-ամերիկյան սահմանը համարվում է ամենալարված և ոչ պատշաճ հսկվող սահմաններից մեկն աշխարհում: Սահմանային անցակետեր կան միայն ամենամեծ ճանապարհներին, այդ թվում նաև՝ Յանգ Սթրիթ փողոցում: Սակայն շատ զբոսաշրջիկներ նշում են, որ այստեղ ևս հսկողական բոլոր գործողությունները կրում են ընդամենը պաշտոնական ու ձևական բնույթ:
Իհարկե, փողոցի վրա կան բազմաթիվ խանութներ և առևտրի կենտրոններ, որոնցից ամենախոշորը Իտոն Սենթրն է: Հոկեյի սիրահարները կգնահատեն Հոկեյի սրահի առկայությունը: Երիտասարդ ճանապարհորդներն անտարբեր չեն անցնի բազմաթիվ գիշերային ակումբների և համերգային հրապարակների կողքով:



