Armdaily.am-ը գրում է․
Այն, ինչ կատարվում է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի և նրա ընտանիքի շուրջ, խիստ մտահոգիչ է: Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։
Նա նշեց, որ Բարձրագույն դատական խորհուրդն իր պաշտոնական դիրքորոշումը դեռ կհայտնի:
«Բայց մինչ այդ, ցանկանում եմ իմ անձնական դիրքորոշումը հայտնել՝ որպես ՀՀ քաղաքացի, իրավաբան, և ուղղակի մարդ: Միշտ կողմնակից եմ եղել առողջ և կառուցողական քննադատությանը ցանկացած հարթակում, սակայն բացասական եմ վերաբերվում ատելության խոսքին, հայհոյանքներին, որոնք տեղ են գտել մամուլում և սոցիալական ցանցերում: Խստորեն դատապարտում եմ դատավորի ընտանիքը թիրախավորելը և սպառնալիքներ հնչեցնելը նրանց հասցեին: Աստված մի՛ արասցե նման սպառնալիքներն իրականություն դառնան: Բացի անձնական ողբերգությունից դրանք աղետալի կլինեն ոչ միայն դատական իշխանության համար, այլև կխարխլեն մարդկային առողջ փոխհարաբերությունները և վտանգի տակ կդնեն երկրի իրավական անվտանգությունը»,-ասաց Ռուբեն Վարդազարյանը։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, որոշում կայացրեց, ըստ որի՝ Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը 2 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։ Երկրորդ նախագահը դեռ գտնվում է հիվանդանոցում, գրավի գումարը պետք է վճարվի երկու օրվա ընթացքում։