Shantnews.am-ը գրում է․

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը 4.25 մլրդ եվրոյի ծրագիր է մշակել կորոնավիրուսից տուժած զբոսաշրջային ոլորտին զարկ տալու համար, հաղորդում է BBC-ն։

«Իսպանիան բացում է իր դռները զբոսաշրջիկների առջև։ Մենք համաշխարհային առաջատար ենք այդ հարցում և յուրաքանչյուր քայլ, որ ձեռնարկենք, կլինի անվտանգ»,- ասել է Սանչեսը։

Իսպանիայի վարչապետը չի բացահայտել ծրագրի մանրամասները, սակայն հայտնել է, որ գումարը կուղղվի մի քանի միջոցառումների, այդ թվում՝ մարքեթինգին և գովազդին, ավիաընկերությունների համար հարկերի նվազեցմանը, զբոսաշրջային հետախուզությունը՝ դիտարկման նոր համակարգի ստեղծմամբ։

Զբոսաշրջությունը չափազանց կարևոր ոլորտ է Իսպանիայի տնտեսության համար։ Այս ոլորտին է բաժին ընկնում երկրի ՀՆԱ-ի 12%-ը։ Այցելուների քանակն ավելացնելու համար հուլիսի 1-ից Իսպանիայի կառավարությունն օտարերկրացիներին թույլ կտա մուտք գործել երկիր՝ առանց երկշաբաթյա կարանտին պահելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել