Հարգելի երիտասարդներ: Շատ գովելի և խրախուսելի է քաղաքացիներին անձնական օգտագործման ավտոմեքենաներով անվճար փոխադրելու ձեր վեհանձն նախաձեռնությունը, և կարծում եմ` շատ երիտասարդների համար այն օրինակելի կարող է լինել… ԱՊՐԵՔ: Սակայն, մեկ-երկու նկատառում ունեմ, եթե թույլ կտրվի, իհարկե:
Սիրելի Հայկո և ընկերներ: Մենք ազգովի այսօր խորը ճգնաժամ ենք ապրում, որն առկա է մեր կենսագործունեության անխտիր բոլոր ոլորտներում: Այն շատ-շատերը պատճառաբանում են երկրի ֆինանսա-տնտեսական անբարենպաստ դրությամբ… Սակայն այսօրվա մեր վիճակը, կարծում եմ, առաջին հերթին մեր ժողովրդի հոգևոր-բարոյական անկմամբ է պայմանավորված: Ժողովրդի հոգեբարոյական լքվածության, անհուսության, անօգնականության այս վիճակը կասեցնելու գործում մեծ դերակատարում կարող է ունենալ մեր երիտասարդ մտավորականությունը, հատկապես շատ-շատերի կողմից սիրված, շատերի հարգանքը վայելող, որոշակի ձիրք և տաղանդ ունեցող, ազդեցությամբ օժտված, հատկապես մեդիա տարածքներում հաճախ երևացող ձեր նման երիտասարդները: Սիրելիներս: Այն, ինչ այսօր մեծագույն ջանքերով, հաճախ ապարդյուն, փորձում են անել մեր հասարակության տարբեր ներկայացուցիչները, խմբերը, դուք կարող եք իրագործել մի ներկայացմամբ, մարդկանց ոգևորող մի գործ բեմադրելով, ԴԱՐՁԻ ՈւՂԻՆ երևակող մեկ արարվածքով… Մեզանից ամեն մեկը, եթե իր ոլորտում փորձի դեպի ճշմարիտ կարգն ուղղված գործունեություն ծավալել, ամեն բան կդառնա ի շրջանս յուր. կդադարի արտագաղթը, կփոխվի մարդկանց վերաբերմունքը միմյանց նկատմամբ, կսկսի գործել մեր տնտեսությունը, կհզորանան գյուղական համայնքները, վերջ կդրվի ներկայիս այս սոդոմ-գոմորին…
Իսկ եթե շարունակում ենք նույնն անել, ինչ որ արել ենք մինչ այժմ՝ ծռմռված բերաններով խոսող կիսահիմարների դերեր կերտել, ինչն ազդեցություն է ունենում ոչ միայն հասարակության (այսօր երիտասարդության զգալի մասը խոսում է ծռված բերանով` անուղղակիորեն դառնալով նաև այս ծռմռված արժեհամակարգի կրողն ու ջատագովը, ովքեր հեշտությամբ ճանաչելի են հենց կոնկրետ որպես տրանսպորտային թանկացումները հիմնավորող և գծերին տիրություն անողներ), այլ նաև քեզ վրա, հարգելի Հայկո, ապա ոչինչ չի փոխվի, և սեփական ավտոմեքենաներով մարդկանց անվճար փոխադրման նախաձեռնությունն անգամ այս պարագայում գնահատվելու է որպես սեփական անձերի փառաբանմանն ուղղված ՓԻԱՐ ակցիա…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=373531832772259&set=a.168920973233347.34643.100003463372278&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել