«Իրատես» թերթը գրում է. «Քաղաքական պայքարը վերջնակետին հասցնելու Գագիկ Ծառուկյանի առանձնահատուկ «երդմամբ» ԲՀԿ-ն ազդարարեց ակտիվ պայքարի շրջանը։ Ծառուկյանի հայտարարությունը՝ «Անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ», այս անգամ բավական խիստ ստացվեց այն պարզ պատճառով, որ եւ քաղաքական ուժերի, եւ քաղաքացիների շրջանում թերահավատություն կա, որ Գագիկ Ծառուկյանը կարող է կես ճանապարհից հետ կանգնել։
Իսկ դրա համար նրանք հիմք ունեն, քանի որ աչքի տակ կա նախկին փորձը։ Բայց այսօր կարծես հետքայլ չկա, որովհետեւ այսուհետ Ծառուկյանի փոխարեն աշխատելու է նրա տված «երաշխիքը»։
Մի կողմ թողնենք ԲՀԿ խմբակցության ղեկավարին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, անգամ քաղաքական պայքարի ինչ ձեւ կընտրի այս քաղաքական ուժը, հասկանանք, եթե ԲՀԿ-ն գնում է ակտիվ առճակատման եւ պահանջելու է Փաշինյանի հրաժարականը, ով է նրա քաղաքական դաշնակիցը։ Այսօր արտախորհրդարանական շատ ուժեր են Փաշինյանի հրաժարականը պահանջում, բայց նրանք կմիանա՞ն ԲՀԿ-ի գլխավորությամբ պայքարին։
Խորհրդարանական երկրորդ ընդդիմադիր ուժի հետ ամեն ինչ պարզ է դեռ խորհրդարանական ընտրությունների մեկնարկից։ Հիշենք, կլասիկ որակված Էդմոն Մարուքյանին Ծառուկյանը հիշեցրեց, թե ում միջոցով ու ով է նրան պատգամավոր «կարգել», իսկ վերջինս էլ, թե գործարարն ինչ գործ ունի ԱԺ-ում։ Այսինքն, ի սկզբանե այս գործիչները միեւնույն հարթակում անհամատեղելի են։ Այս ամենին գումարած նաեւ այն, որ ԼՀԿ խմբակցությունը Փաշինյանի հրաժարականը չի էլ պահանջում, նա օրուգիշեր բողոքում է, ծեծվում խորհրդարանում, բայց չի ասում, որ Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա։
Արտախորհրդարանական ուժերի հետաքրքրությունը ԲՀԿ-ի հանդեպ երեւաց նախօրեին, երբ Ծառուկյանին ԱԱԾ-ում հարցաքննում էին, իսկ նրա կողմնակիցների հանդեպ ոստիկանությունը ուժ կիրառեց։ Ընդդիմադիրները բռնությունների առնչությամբ դատապարտող հայտարարություններ արեցին, սակայն ԱԱԾ-ի շենքի դիմաց նրանց չտեսանք (բացառությամբ կարճ ժամանակով ՀՅԴ մի քանի ներկայացուցչի)։
Ակնհայտ է, որ ՀՀԿ-ի հետ ԲՀԿ-ն ճանապարհ չունի, անցյալը չի մոռացվել։ Մյուս քաղաքական ուժերի հետ քննարկումներ հնարավոր են, անգամ ինչ-որ պահի աջակցություն, սակայն երկարատեւ պայքարի համար ԲՀԿ-ն մեծ հաշվով մենակ է։ Նրա կողքին կլինեն քաղաքական քիչ ռեսուրս ու կշիռ ունեցող նոր ուժեր, որոնց համար կրկին ԲՀԿ-ն պիտի քարշակի դերը ստանձի։ Բնական է, որ արտախորհրդարանական ընդդիմությունը ԲՀԿ-ի հետ գաղափարական միեւնույն հարթությունում չի կարող լինել, նրանց միայն մեկ օրակարգ կարող է միավորել՝ իշխանությունից օր առաջ հեռացնել Փաշինյանին։
Սակայն երբ ու ինչ ձեւով ԲՀԿ-ն այդ օրակարգի վստահելի, վճռական հանրություն կներկայացնի ու կստանա աջակցություն, առայժմ դժվար է ասել, իսկ փորձառու քաղաքական ուժերը հաստատ նախօրոք չեն մտնի մի գետ, որի ելքը լավ գիտեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում