Factor.am-ը գրում է․
Ատլանտայում շաբաթ երեկոյան ցուցարարներն այրել են Ուենդիզ ռեստորանը, որի առջև ոստիկանի արձակած հրազենային կրակոցից մահացել է ևս մեկ աֆրոամերիկացի տղամարդ:
Քաղաքի ոստիկանապետ Էրիքա Շիլդսը հրաժարական է տվել, ուրբաթ օրը 27-ամյա Ռեիշարդ Բրուքսի սպանության տեսանյութի հրապարակումից հետո: Աշխատանքից հեռացվել է Բրուքսի վրա կրակ արձակած ոստիկանը, իսկ նրա գործընկերը ժամանակավորապես անցել է վարչական արձակուրդի: Երկու ոստիկաններն էլ եղել են սպիտակամորթ:
Ուրբաթ երեկոյան Ուենդիզ ռեստորանի աշխատակիցները զանգահարել են ոստիկանություն և հայտնել, որ ավտոմեքենայում քնած տղամարդը արգելափակում է հաճախորդների ճանապարհը: Երբ դեպքի վայր ժամանած երկու ոստիկանները փորձել են ձերբակալել Բրուքսին, նա վերցրել է ոստիկաններից մեկի էլեկտրաշոկային ատրճանակը և փախուստի դիմել: Մի քանի մետր վազելուց հետո նա շրջվել է և էլեկտրաշոկային ատրճանակը պարզել ոստիկանի ուղղությամբ, ինչին հետևել է ոստիկանի կողմից արձակված հրազենային կրակոցը:
Բրուքսի ընտանիքին ներկայացնող փաստաբաններն ասել են, որ ալկոհոլ ընդունած տղամարդն այդ օրը նշել է իր 8-ամյա դստեր ծննդյան տարեդարձը: Նրանք նաև նշել են, որ էլեկտրաշոկային ատրճանակը իրենց նահանգում մահացու զենք չի համարվում, հետևաբար ըստ նրանց ոստիկաններն անհամաչափ զենք են կիրառել Բրուքսի նկատմամբ: Գործի շուրջ այժմ հետաքննություն է իրականացնում Ջորջիայի հետաքննությունների բյուրոն:
Այս իրադարձությունը հաջորդում է մայիսի 25-ին ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությանը, ինչից հետո երկրով մեկ սկսված ցույցերը դեռ շարունակվում են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/260234.html
© factor.am