1in.am-ը գրում է.

«Սոցիոմետր» անկախ սոցիոլագիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ներքաղաքային տրանսպորտի գնի թանկացման մասին: Նա ասաց, որ գները գնալով պետք է բարձրանան, քանի որ «մենք շարժվում ենք միջազգային գներով»: Սակայն թանկացումներն, ըստ նրա, արդարացված կլինեն այն դեպքում, երբ բարձրանան նաև մարդկանց աշխատավարձերը. «Մեր միջին աշխատավարձը հարյուր հազար դրամ է, ցածրը՝ վաթսուն. պարզ է, որ քսանհինգ օր աշխատողը չի կարող 150 դրամ տալ, մանավանդ եթե տանն ուսանող երեխա ունի։ Բարձրացել է գազի, լույսի, սննդի գինը»:

Սոցիոլոգն ասաց, որ Երևանի բնակչության 45 տոկոսն օգտվում է ներքաղաքային տրանսպորտից, 12,5 տոկոսը սեփական մեքենաներով է երթևեկում, 12.5 տոկոսը՝ տաքսիներով, 2 տոկոսը՝ տրոլեյբուսով, 8 տոկոսը՝ մետրոյով և 1 տոկոսը՝ ծառայողական մեքենաներով:

Նա նշեց, որ ամեն տարի Հայաստանում տրանսպորտից օգտվում է 250 մլն ուղևոր, որից 85 տոկոսը երթևեկում է միկրավտոբուսներով և ավտոբուսներով: 207 ուղևորից եկամուտը կազմում է 20 մլրդ դրամ, և անգամ այս տվյալներով՝ շահույթն ապացուցված է. «Իրենց հաշվարկների մեջ սխալ կա, միշտ ավել մարդ է նստում երթուղային, ոչ մի վարորդ չի ասում՝ կանգնած ես գնալու, մի նստիր: Թե այս թիվը ոնց են հաշվել, ես չգիտեմ»: 

Միաժամանակ Ա. Ադիբեկյանն ասաց, որ գնի իջեցման մասին պետք է մոռանալ, պետք չէ վարորդին «պատժել», որովհետև նա մեղավոր չէ. «Պատկերացնո՞ւմ եք, եթե վարորդները գործադուլ անեն, ինչ կլինի մեր վիճակը:Ես դեմ չեմ՝ թող լինի 300 դրամ, նորմալ աշխատի տրանսպորտը, բայց ես ունենամ այնքան գումար, որ կարողանամ տալ այդ գումարը»:

Բանախոսը նշեց, որ աշխատել է շուրջ 65 հազար հայերի հետ և լավ գիտի՝ հայ ազգը ունակ չէ հեղափոխության. «Մենք կամ գլուխները կախ հարմարվում ենք, կամ ցրվում ու գնում»:

Այն հարցին, թե ինքն ինչքան է վճարում երթուղայինին, նա պատասխանեց. «Ես 150 դրամ եմ վճարում, վարորդը մեղավոր չէ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել