Այսօր՝ ժամը 17։00-ին, կառավարության նախաձեռնությամբ տեղի կունենա Ազգային ժողովի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ, որի ընթացքում լուծում կտրվի մեր տնտեսվարողներին հուզող մի կարևոր խնդրի․
- Շահութահարկ վճարողները կազատվեն 2020 թվականի 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից։ Հիշեցնեմ, որ վերջնաժամկետը հունիսի 20-ն էր։
- Ամբողջությամբ կվերանայվի շահութահարկի կանխավճարների համակարգը՝ սահմանելով, որ յուրաքանչյուր եռամսյակի շահութահարկի կանխավճարը կատարվում է նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20 տոկոսի և նախորդ եռամսյակի իրացման շրջանառության 2 տոկոսի գումարներից նվազագույնի չափով։ Զուգահեռաբար վերացվում է կանխավճարի որևէ եղանակի ընտրության համար հայտարարություն ներկայացնելու պահանջը։
Այս փոփոխությունը ոչ թե ժամանակավոր է, այլ մշտական։ Այսինքն՝ տնտեսվարողներն այլևս ստիպված չեն լինի ամեն տարի՝ մինչև մարտի 20-ը, հայտարարություն ներկայացնել, թե որ տարբերակով են շահութահարկ վճարելու։ Ավտոմատ կընտրվի այն տարբերակը, որը հօգուտ տնտեսվարողի է։
Այսպիսով, նախագծի ընդունումն ինչ-որ առումով հակաճգնաժամային միջոցառում է՝ հարկային արձակուրդ, որը թույլ կտա մեղմել կորոնավիրուսի հետևանքով տնտեսվարողների մոտ ծագած իրացվելիության խնդիրը՝ ազատելով նրանց 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից։ Մյուս կողմից՝ շահութահարկի կանխավճարների համակարգը կդառնա ավելի ճկուն և տնտեսվարող սուբյեկտների ընթացիկ իրացվելիության տեսանկյունից՝ նպաստավոր։
UPDATE․ Նախագծի երկրորդ ընթերցումը նախատեսում ենք անել 24-ժամյա ռեժիմով։ Այսինքն՝ մինչև հունիսի 20-ը օրենքը ընդունված ու ստորագրված կլինի։ Հուսով եմ։