Pastinfo.am-ը գրում է․

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լիլիթ Սարգսյանի նախագահությամբ, վարույթ է ընդունել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը դատարանը կայացրել է հունիսի 12-ին։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Արթուր Վանեցյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանի՝ պահանջելով, որ նրանք հրապարակայնորեն հերքեն զրպարտություն հանդիսացող տվյալները, դրանք հեռացնեն, հրապարակեն հերքման տեքստը ու փոխհատուցեն պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը:

Հայցադիմումի պատճառ է հանդիսացել ապրիլի վերջերին մամուլի խոսնակի հնչեցրած հայտարարությունն առ այն, թե «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ, ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել